Ուկրաինան դեռևս ունի շանս՝ կարգավորլու իրադրությունը ժողովրդավարական ճանապարհով։
Ինչպես հաղորդում է ուկրաինական «Ունիան» գործակալությունը, այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդը դեկտեմբերի 11-ին՝ Կիևում Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ հանդիպումից հետո։
«Մենք հստակ հասկացրել ենք, որ մենք [ԱՄՆ-ը] կարծում ենք՝ դեռևս կա հնարավորություն և ուղի՝ փրկելու Ուկրաինայի եվրոպական ապագան։ Եվ մենք կցանկանայինք տեսնել, որ նախագահը գործելու է այդ ուղղությամբ»,- ասել է Նուլանդը։
Նա նշել է, որ դա կպահանջի անհապաղ քայլեր անվտանգության, Եվրոպայի և Արժույթի միջազգային հիմնադրամի հետ բանակցությունների վերականգնման ոլորտում։
«Սակայն այդ ամենը դեռ հնարավոր է»,- ասել է Նուլանդը։
ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականը նշել է, որ Ուկրաինայի ժողովուրդը պետք է իմանա՝ Միացյալ Նահանգներն իր հետ է։
Նա նշել է, որ Յանուկովիչի հետ հանդիպումը տևել է ավելի քան երկու ժամ։
«Դա բարդ, սակայն իրատեսական զրույց էր։ Ես հստակ նրան հասկացրել եմ, որ այն, ինչ տեղի է ունեցել գիշերը, միանգամայն անընդունելի է ժամանակակից ժողովրդավարական եվրոպական հասարակությունում և պետությունում»,- ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականը։
Նա նշել է, որ հանդիպումից հետո իր մոտ տպավորություն է ստեղծվել և ինքը հույս ունի, ու Յանուկովիչը գիտի, թե ինչ պետք է անի։
Վիկտորյա Նուլանդը Կիև է ժամանել դեկտեմբերի 10-ին։ Նույն օրը նա Կիևում հանդիպել էր հիմնական ընդդիմադիր ուժերի առաջնորդների հետ։ Դեկտեմբերի 11-ին՝ ավելի վաղ, Նուլանդը այցելել էր Կիևի անկախության հրապարակ, որտեղ շարունակվում է եվրաինտեգրման աջակիցների ցույցը։
Կիևում և Ուկրաինայի մի շարք այլ քաղաքներում եվրաինտեգրման աջակցությամբ բողոքի ակցիաներն ու ցույցերը սկսվել են նոյեմբերի 21-ին, երբ երկրի կառավարությունն ընդունեց ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը դադարեցնելու որոշումը։
Լույս դեկտեմբերի 11-ին մի քանի հազար հատուկջոկատայիններ և Ուկրաինայի ներքին զորքերի զինծառայողներ կարողացել են ճեղքել բարիկադները Ինստիտուտսկայա փողոցում՝ Կիևի կենտրոնում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայության թղթակիցը Կիևից։ Ներքին զորքերն ու «Բերկուտ» հատուկ ստորաբաժանումները նաև մտել են ընդդիմության «վրանային քաղաքի» տարածք։ Սակայն «Եվրամայդան» անունը ստացած բողոքի ակցիայի մասնակիցներին հատուկջոկատայինները ձեռք չեն տվել։
Դրանից հետո Կիևի տարբեր հատվածներում շարունակվել են բախումները միլիցիայի և ցուցարարների միջև։
BBC-ի ռուսական ծառայության թղթակիցը հաղորդում է, որ«Եվրամայդանի» աջակիցների թիվը Կիևի կենտրոնում շարունակում է աճել։ Ոստիկանությունն ամբողջությամբ լքել է Անկախության հրապարակը, մարդիկ կրկին բարիկադներ են կառուցում։