Դեպի ապահովագրող Հայաստան

2013թ. նախագահական ընտրություններում գործող նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական կարգախոսն էր «Դեպի ապահով Հայաստան»:

Կառավարությունը պատրաստվում է որոշում կայացնել հրաժարվել բյուջետային համակարգի աշխատակիցների առողջության ապահովագրությունից և նրանց տեղափոխել պետպատվերի դաշտ։ ՍիվիլՆեթի աղբյուրների համաձայն՝ այդ քայլին գործադիրը գնում է որոշակի խմբերի նեղ շահերից ելնելով, իսկ որոշումից առաջին հերթին օգտվելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խնամին (Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի հայրը), որի Նոր Նորքում գտնվող «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնն էլ հիմնականում իրականացնելու է պետպատվերը:

ՍիվիլՆեթի աղբյուրների փոխանցմամբ՝ կառավարությունը ամենայն հավանականությամբ տարեվերջին կընդունի մի որոշում, որով արմատական փոփոխություն կկատարվի «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթում»։ Կառավարությունը պատրաստվում է փաթեթով նախատեսված առողջության պարտադիր ապահովագրությունը տեղափոխել պետպատվերի շրջանակ։ Կառավարությունը նման քայլի գնում ոչ թե առաջնորդվելով միջոցներն արդյունավետ կառավարելու, պետական համակարգի աշխատակիցներին մատուցվող բժշկական ծառայությունների որակը բարելավելու, այլ թերևս որոշակի խմբերի նեղ անձնական շահերը սպասարկելու համար:

2012թ. և այս տարի սոցիալական փաթեթի 132 հազ. դրամից 52 հազ. դրամը (բազային փաթեթ) պարտադիր ուղղվում է բժշկական աապահովագրությանը, որն իրականացնում են ապահովագրական ընկերությունները։ Պարզ ասած՝ պետական համակարգի աշխատակիցները բժշկական ապահովագրություն ստանում էին ապահովագրական ընկերություններից, իսկ առողջական խնդիրների դեպքում ապահովագրական ընկերությունը ֆինանսավորում էր նրանց մինչև 3,8 մլն դրամ ծախսերը։

2013թ. փետրվարին կառավարությունը, սակայն, որոշեց, որ զինծառայողները և նրանց հավասարեցված անձինք, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողները պետք է հանվեն բժշկական ապահովագրությունից և տեղափոխվեն առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալության տիրույթ՝ պետպատվերի շրջանակ։ Կառավարության այդ քայլն այդպես էլ լուրջ չի հիմնավորվել։

Այժմ կառավարությունը պատրաստվում է սոցփաթեթից օգտվող շուրջ 150 հազ. մարդու տեղափոխել պետպատվերի նոր շրջանակ։ Մեծ է հավանականությունը, որ այդ ամենի արդյունքում տեղի ունենա պետական համակարգի աշխատակիցներին ցուցաբերվող բժշկական ծառայությունների որակի անկում, ավելանան կոռուպցիոն ռիսկերը։ Եթե նախկինում ապահովագրվածները գործ ունեին մասնավոր ընկերությունների հետ, որտեղ կոռուպցիոն մեխանիզմները գրեթե բացակայում են, ապա այժմ նրանք գործ են ունենալու պետական չինովնիկների հետ:

Խնդիրն այն է, որ ի տարբերություն ապահովագրական ընկերությունների, որոնք համագործակցության պայմանագրեր ունեն գրեթե բոլոր բժշկական հաստատությունների հետ, և քաղաքացին ինքն է ընտրում բուժհաստատությունն ու բժշկին, պետպատվերի շրջանակում նախատեսված գումարների բաշխումն իրականացնում է առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալությունը։ Վերջինս մինչ այժմ պետպատվերով նախատեսված հիվանդությունների բուժմանը նախատեսված գումարների հիմնական մասն ուղղել է Սերժ Սարգսյանի խնամուն պատկանող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին:

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ չի բացառվում, որ պետական համակարգի աշխատակիցների բուժման համար նախատեսված գումարները նույնպես ուղղվեն բժշկական այս կենտրոնին։ Խոսքը լուրջ միջոցների մասին է։ 2014թ. պետբյուջեի նախագծով՝ «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրի համար նախատեսված է 17,6 մլրդ դրամ։ Այդ գումարի առնվազն 7 մլրդ-ը ($17 մլն) պետք է ուղղվի բժշկական ծառայություններին։

Պարտադիր բժշկական ապահովագրությունից հրաժարվելու կառավարության որոշումը լուրջ վնաս կհասցնի ապահովագրական ընկերություններին։ Խնդիրն այն է, որ բացի ապահովագրական շահույթ ստանալուց՝ ապահովագրողները հաճախորդներին սպասարկելու համար զգալիորեն ընդլայնել են իրենց աշխատակազմերը և այժմ կարող են ստիպված լինել գնալու զանգվածային կրճատումների։ Ապահովագրական որոշ ընկերություններում արդեն սկսվել է աշխատակիցներին հունվարի 1-ից աշխատանքից ազատելու իրազեկումը։

Արմենակ Չատինյան

Մեկնաբանել