Ականի մասին ահազանգ՝ Կիևի օդանավակայաններում

Ուկրաինայի մայրաքաղաքի «Կիև» («Ժուլյանի») միջազգային օդանավակայանում ուղևորների և անձնակազմի տարհանում է տեղի ունենում՝ կապված ականապատման վերաբերյալ ստացված ահազանգի հետ։

Այս մասին հաղորդում է ուկրաինական «Ունիան» գործակալությունը՝ վկայակոչելով Facebook-ում օդանավակայանի պաշտոնական էջում տեղադրված հաղորդագրությունը։

««Կիև» օդանավակայանի տերմինալներից տարհանվում են ուղևորներն ու անձնակազմը։ Պատճառը ականապատման վերաբերյալ անանուն զանգն է։ Իրավիճակը հանգիստ է։ Մեծ է կեղծ ահազանգի հավանականությունը՝ պայմանավորված երկրում տագնապալի իրադրության հետ»,- ասված է հաղորդագրությունում։

BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ ականապատման մասին ահազանգերից հետո տարհանում է իրականացվում նաև Կիևի «Բորիսոպոլ» օդանավակայանում և Կենտրոնական ու Հարավային երկաթուղային կայարաններում։

Կիևում և Ուկրաինայի մի շարք այլ քաղաքներում եվրաինտեգրման աջակցությամբ բողոքի ակցիաներն ու ցույցերը սկսվել են նոյեմբերի 21-ին, երբ երկրի կառավարությունն ընդունեց ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը դադարեցնելու որոշումը։

Լույս դեկտեմբերի 11-ին մի քանի հազար հատուկջոկատայիններ և Ուկրաինայի ներքին զորքերի զինծառայողներ կարողացել են ճեղքել բարիկադները Ինստիտուտսկայա փողոցում՝ Կիևի կենտրոնում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայության թղթակիցը Կիևից։ Ներքին զորքերն ու «Բերկուտ» հատուկ ստորաբաժանումները նաև մտել են ընդդիմության «վրանային քաղաքի» տարածք։ Սակայն «Եվրամայդան» անունը ստացած բողոքի ակցիայի մասնակիցներին հատուկջոկատայինները ձեռք չեն տվել։

Դրանից հետո Կիևի տարբեր հատվածներում շարունակվել են բախումները միլիցիայի և ցուցարարների միջև։

Դեկտեմբերի 11-ի կեսօրին մոտ ոստիկանությունն ամբողջությամբ լքել է Անկախության հրապարակը, մարդիկ կրկին բարիկադներ են կառուցել։

Մեկնաբանել