ԱՄՆ-ը չի բացառում Ուկրաինայի ղեկավարության նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը, հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Պսակին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
«Մենք դիտարկում ենք հետագա քաղաքականության տարբերակները… պատժամիջոցները ներառված են, բայց ես չեմ պատրաստվում մանրամասնություններ ներկայացնել»,- ասել է Պսակին՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Կիևում լույս դեկտեմբերի 11-ին միլիցիայի և բողոքի ակցիայի մասնակիցների միջև տեղի ունեցած բախումները:
Պատասխանելով հարցին, թե ամերիկյան կողմի կարծիքով՝ ինչ պետք է անի Ուկրաինայի կառավարությունը, Պետդեպի խոսնակը հայտարարել է, որ «անհրաժեշտ է վերադառնալ Եվրամիության ու Արժույթի միջազգային հիմնադրամի հետ երկխոսությանը», ինչպես նաև «լսել սեփական ժողովրդի ձայնը»:
Մինչդեռ ընդդիմության՝ Ուկրաինայի նախագահի հետ բանակցությունները հնարավոր են միայն այն դեպքում, եթե դրանց համաձայնություն տան Կիևում բողոքի ակցիայի մասնակիցները, հայտարարել է ընդդիմադիր «Բատկիվշչինա» խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը:
«Յանուկովիչի հետ բանակցությունները հնարավոր են միայն այն դեպքում, երբ մենք ստանանք Մայդանի մանդատը»,- ասել է նա դեկտեմբերի 11-ին:
Վիկտոր Յանուկովիչն ավելի վաղ երկխոսության առաջարկով դիմել էր ընդդիմությանը: Նա բոլոր կողմերին կոչ էր արել գործել Ուկրաինայի Սահմանադրության և օրենքների շրջանակում: Յանուկովիչը նաև հայտնել էր, որ անձամբ պատրաստ է մասնակցել կլոր սեղանին:
«Քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչներին, սուրբ հայրերին, հասարակության ներկայացուցիչներին հրավիրում եմ համազգային երկխոսության: Ես անձամբ պատրաստ եմ մասնակցել այդպիսի կլոր սեղանի»,- հայտարարել էր Ուկրաինայի նախագահը: Նա ասել էր, որ իշխանությունը «երբեք ուժ չի կիրառի՝ ընդդեմ խաղաղ հավաքների»:
Սակայն «Սվոբոդա» ազգայնական միավորման նախագահ Օլեգ Տյագնիբոկը հայտարարել է, որ ընդդիմությունը չի մասնակցի իշխանության հետ երկխոսության, քանի դեռ վերջինս չի կատարի ընդդիմության պահանջները:
«Քանի դեռ չեն կատարվի մեր բոլոր պահանջները, գումարած՝ հատուկ ստորաբաժանումների դուրսբերումը Կիևի սահմաններից, որևէ երկխոսություն այս իշխանության հետ չի կարող լինել»,- ասել է նա:
Կիևում և Ուկրաինայի մի շարք այլ քաղաքներում եվրաինտեգրման աջակցությամբ բողոքի ակցիաներն ու ցույցերը սկսվել են նոյեմբերի 21-ին, երբ երկրի կառավարությունն ընդունեց ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը դադարեցնելու որոշումը։
Լույս դեկտեմբերի 11-ին մի քանի հազար հատուկջոկատայիններ և Ուկրաինայի ներքին զորքերի զինծառայողներ ճեղքել էին ցուցարարների բարիկադները Ինստիտուտսկայա փողոցում՝ Կիևի կենտրոնում: Ներքին զորքերն ու «Բերկուտ» հատուկ ստորաբաժանումները նաև մտել էին Անկախության հրապարակում ընդդիմության «վրանային քաղաքի» տարածք։ Սակայն «Եվրամայդան» անունը ստացած բողոքի ակցիայի մասնակիցներին հատուկջոկատայինները ձեռք չէին տվել։
Դրանից հետո Կիևի տարբեր հատվածներում շարունակվել էին բախումները միլիցիայի և ցուցարարների միջև։
Դեկտեմբերի 11-ի կեսօրին մոտ ոստիկանությունն ամբողջությամբ լքել էր Անկախության հրապարակը, մարդիկ կրկին բարիկադներ էին կառուցել։