Անկարան Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների նոր փուլ է նախապատրաստում. «Ակօսի» խմբագիր

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Հայաստան է ժամանել բավական փոքր խմբով` արտգործնախարարության և մեդիայի մի քանի ներկայացուցիչների հետ. այս մասին դեկտեմբերի 12-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ՍիվիլՆեթի թղթակցի հետ զրույցում ասաց «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը, որը Հայաստան է ժամանել Ահմեդ Դավութօղլուի հետ: Վերջինս Երևանում մասնակցում է Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նստաշրջանին:

«Ինքնաթիռում մենք զրուցեցինք Դավութօղլուի հետ և նա մեզ ներկայացրեց իր ծրագրերը, ինչը սակայն «օֆֆ ռեկորդ» էր և չեմ կարող ամբողջը ներկայացնել»,- ասաց Քոփթաշը:

Նրա խոսքով` Դավութօղլուի այցի միակ կարևոր նշանակությունը կարող է լինել Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը: Ըստ «Ակօսի» խմբագրի` Անկարան Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների նոր փուլի նախապատրաստման ընթացքում է և այդ նպատակով մտադիր է քայլեր ձեռնարկել:

Խոսելով 2015թ. Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի և այս կապակցությամբ Թուրքիայի գործողությունների մասին` Քոփթաշը չբացառեց Թուրքիայի կողմից հայ-թուրքական սահմանի բացումը` միջազգային հանրության ճնշումներից որոշակիորեն խուսափելու նպատակով:

«Սակայն Թուրքիային խանգարում է Արցախի հարցը. եթե Հայաստանը նույնիսկ մեկ թիզ հող զիջի Ադրբեջանին, ապա դա Թուրքիայի համար մեծ հաջողություն կլինի, և նա կբացի սահմանը»,- ասաց «Ակօսի» խմբագիրը` հավելելով, որ «որոշումը, իհարկե, կախված է հայկական կողմի կամքից»:

Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հավաքը մեկնարկել է ժամը 10:00-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: Դավութօղլուի այցի կապակցությամբ երիտասարդական մի շարք միություններ բողոքի ակցիա էին կազմակերպել հյուրանոցի դիմաց:

Թուրքական մամուլը, իր հերթին, լայնորեն անդրադարձել էր Դավութօղլուի հայաստանյան այցին` ակնկալելով նաև նրա առանձին հանդիպումը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Ըստ թուրքական թերթերի` հանդիպման մասին նախնական պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռ դեկտեմբերի 5-6-ին Կիևում` ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ընթացքում:

Դավութօղլուի այցի մասին, մասնավորապես, հրապարակումներ ունեին«Սաբահը», «Զամանը», «Աքշամը»:

Մեկնաբանել