Եվրամիության բարձրագույն դատական մարմինը որոշել է, որ միասեռական զույգերը պետք է նույնպիսի արտոնություններ ունենան, ինչպես ավանդական ընտանիքները: Ինչպես հաղորդում է BBC-ն, դատարանի որոշումը վերաբերում է նաև այն երկրներին, որտեղ միասեռ ամուսնություններն օրինականացված չեն:
Դեկտեմբերի 12-ին դատարանը որոշում է ընդունել ֆրանսիացի բանկային աշխատող Ֆրեդերիկ Հեի հայցի վերաբերյալ: Նրան մերժել էին դրամական բոնուսներ տալ, որոնք նախատեսված են բոլոր ընտանեկան զույգերի համար, երբ նա «համերաշխության մասին քաղաքացիական համաձայնագիր» էր կնքել իր տղամարդ զուգընկերոջ հետ:
Ֆրանսիական օրենքների համաձայն՝ համերաշխության մասին քաղաքացիական համաձայնությունը պայմանագիր է, որը կնքվում է երկու անձանց (նույն կամ տարբեր սեռերի) միջև համատեղ կյանքը կազմակերպելու համար:
Դատարանը Հեի գործով իրավիճակը ճանաչել է՝ որպես «սեռական կողմնորոշման հիման վրա խտրականության» դեպք: Դատարանի ներկայացուցիչը նշել է, որ որոշումը նշանակում է նոր իրավական չափանիշի ներմուծում Եվրամիության բոլոր երկրների համար:
Հատկանշական է, որ ԵՄ երկրների մեծամասնությունում միասեռ ամուսնությունները օրինականացված չեն: Մասնավորապես, Խորվաթիան, որը 2013թ. է անդամակցել ԵՄ-ին, ներքին հանրաքվե է անցկացրել, և երկրի քաղաքացիները դեմ են արտահայտվել միասեռ ամուսնությունների օրինականացմանը: