Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի ձնամաքրման աշխատանքներն առանց դադարի շարունակվել են նաև դեկտեմբերի 12-ի լույս 13 -ի գիշերը, հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:
Երևանի քաղաքապետարանին և վարչական շրջաններին այս գործընթացում աջակցել են նաև շինարարական կազմակերպությունները` տրամադրելով բեռնատարներ, բարձիչներ և այլ մասնագիտացած մեքենամեխանիզմներ: Համատեղ աշխատանքի արդյունքն առավել տեսանելի է դարձել լուսադեմին, երբ դադարել են տեղումները: Դեկտեմբերի 13-ի առավոտվա դրությամբ մայրաքաղաքի բոլոր գլխավոր ու երկրորդական փողոցները երթևեկելի են: Գիշերվա ընթացքում օգտագործվել է մոտ 230 տ աղ և շուրջ 480 խ/մ ավազ: Երևանյան փողոցներում աշխատել է 142 միավոր մեքենամեխանիզմ` ներառյալ շինկազմակերպությունների տրամադրած տեխնիկան: Ներկայում շարունակվում են մայթերի, բակերի և հարակից տարածքների մաքրման աշխատանքները, որոնցում ներգրավված են ինչպես համատիրությունների, այնպես էլ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները: