Թուրքիան և ԵՄ-ն կնքեցին Ռեադմիսիայի համաձայնագիրը

Թուրքիան և Եվրոպական Միությունը դեկտեմբերի 16-ին ստորագրել են երկար սպասված Ռեադմիսիայի համաձայնագիրը, որի դիմաց ԵՄ-ն թույլ կտա Թուրքիայի քաղաքացիներին անայցագիր ռեժիմով շրջագայել միության երկրներում, հաղորդում է Anadolu գործակալությունը:

Ռեադմիսիայի համաձայնագրով Թուրքիան պարտավորվում է իր տարածքով ԵՄ մեկնած ապօրինի ներգաղթյալներին հետ ընդունել:

Անկարայում կայացած արարողությանը մասնակցել են Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, ԵՄ-ի հետ կապերի հարցերով Թուրքիայի նախարար Էգեմեն Բաղըշը, ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերն ու ԵՄ ներքին գործերի հանձնակատար Սեսիլյա Մալմստրյոմը:

Ռեադմիսիայի համաձայնագրի դիմաց կայացված պայմանավորվածությամբ՝ Թուրքիայի քաղաքացիաները երեք տարուց կկարողանան առանց այցագրի մեկնելԵՄ երկրներ:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ համաձայնագիրը «հիմնաքար է» Թուրքիա-ԵՄ հարաբերություններում: Էրդողանի խոսքով՝ «Թուրքիան այլևս չի լինի երկիր, որից մարդիկ կփախչեն, այլ երկիր, որտեղ կվերադառնան»:

«Ոչ ոքի չպետք է անհանգստացնի ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի վերացումը: Մենք չենք գալիս բեռ դառնալու, գալիս ենք բեռը թեթևացնելու»,- ասել է Թուրքիայի վարչապետը՝ հավելելով, որ փաստը, որ վիզային ռեժիմը մինչև այսօր չի վերացվել, վնաս է հասցրել միայն ԵՄ-ին:

Սեսիլյա Մալմստրյոմն իր հերթին ասել է, որ նախաձեռնությունը շահեկան է և՛ Թուրքիայի, և՛ ԵՄ-ի քաղաքացիների համար:

«Այս օրը պատմական կարևորություն ունի: Հուսով եմ՝ երկու կողմերն էլ կվավերացնեն Ռեադմիսիայի համաձայնագիրը, և վիզային ռեժիմի վերացման շուրջ երկխոսությունը առաջընթաց կգրանցի»,- ասել է Մալմստրյոմը:

Թուրքիայի և Եվրոպական Միության միջև Ռեադմիսիայի համաձայնագրի և վիզային ռեժիմի վերացման շուրջ բանակցությունների մասին ավելի մանրամասն՝ այստեղ:

Մեկնաբանել