Ապահովագրական ընկերություններում նոյեմբերին հատուցման միջին գումարը կազմել է 195 հազ. դրամ, հոկտեմբերի 210 հազ-ի դիմաց։
Ապահովագրական ընկերություններն արհեստականորեն նվազեցնում են վնասաբերությունը։ Նոյեմբերին հատուցման միջին գումարի կրճատման, ինչպես նաև ներկայացված հատուցման ոչ բոլոր դիմումների բավարարման արդյունքում տասնմեկ ամիսներին ԱՊՊԱ ոլորտում վնասաբերությունը նվազել է 1 տոկոսային կետով։
Ավտոապահովագրողների բյուրոյի վիճակագրական տվյալների համաձայն՝ այս տարվա տասնմեկ ամիսներին ԱՊՊԱ ոլորտում վնասաբերությունը կազմել է մոտ 76%՝ տասն ամիսների 77%-ի դիմաց: Առաջին հայացքից սա կարող է դիտվել որպես դրական տեղաշարժ, քանի որ ապահովագրական ընկերությունների պնդումներով՝ վնասաբերության կրիտիկական մակարդակը 70%-ն է (ԱՊՊԱ պոլիսների սակագնի հիմքում դրված է վնասաբերության 78% ցուցանիշ)։
Իրականում ապահովագրական ընկերությունները նոյեմբերին «խորամանկության» են դիմել։ Նոյեմբերին նրանք ստացել են հատուցման 5187 դիմում, ճիշտ այնքան, որքան հոկտեմբերին, սակայն կարգավորված դիմումների քանակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 948-ով կամ 18%-ով՝ կազմելով 4268 դիմում։ Եթե ապահովագրական ընկերությունները նոյեմբերին բավարարեին հատուցում ստանալու բոլոր դիմումները (ինչպես վարվել են հոկտեմբերին), ապա պետք է հատուցեին շուրջ 1 մլրդ դրամ՝ հատուցված 834 մլն-ի դիմաց։ Նման «տնտեսման» արդյունքում էլ գրանցվել է վնասաբերության 1 տոկոսային կետով նվազումը։
Ապահովագրական ընկերությունները տնտեսել են նաև հատուցվող գումարների չափի վրա։ Նոյեմբերին հատուցման միջին գումարը կազմել է 195 հազ. դրամ՝ հոկտեմբերի 210 հազ-ի դիմաց։
Վնասաբերության ցուցանիշն ապահովագրական ընկերությունները բարելավել են նաև այն բանի հաշվին, որ նոյեմբերին մերժել են հատուցում ստանալու 50 դիմում և ստացել հատուցումից հրաժարվելու 131 դիմում։
Ապահովագրական ընկերությունների կողմից նոյեմբերին հատուցում ստանալու դիմումները միևնույն է պետք է լուծում ստանան և, ամենայն հավանականությամբ, դեկտեմբերի ընթացքում։ Եթե հաշվի առնենք սեզոնայնության գործոնը, ապա դեկտեմբերին ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն ավելի մեծ է, քան նախորդ ամիսներին, և պետք է սպասել հատուցումների կտրուկ աճի և որպես հետևանք՝ ապահովագրական ընկերությունների վնասաբերության ավելացման։
Չի բացառվում, որ ապահովագրական ընկերությունները դեկտեմբերին ստացվելիք հատուցման դիմումների մի մասը տեղափոխեն հունվար և հաշվետվություններում կրկին վնասաբերության նվազում արձանագրեն։