Օվկիանիայի և Անկախ պետությունների համագործակցության հարցերով Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Էբրահիմ Ռահիմփուրի հրավերով դեկտեմբերի 15-ին Թեհրան է այցելել ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը` քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով:
Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, այցի շրջանակում նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Վերջինս նշել է, որ Իրանի և Հայաստանի միջև առկա են բարիդրացիական հարաբերություններ և փոխշահավետ համագործակցություն, և գոյություն չունի որևէ սահմանափակում տարբեր բնագավառներում այն առավել ընդլայնելու համար:
Խոսելով միջազգային հարթակներում երկկողմ համագործակցության մասին` Ջավադ Զարիֆը բարձր է գնահատել Հայաստանի կառուցողական դերն այդ ոլորտում:
Տարածաշրջանային, մասնավորապես` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման կապակցությամբ, ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծել է հիմնախնդրի խաղաղ և միջազգային իրավունքի նորմերի շրջանակում կարգավորման անհրաժեշտությունը:
Շավարշ Քոչարյանը փոխանցել է Ջավադ Զարիֆին ուղղված ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ողջույնները:
Նախարարի տեղակալ Ռահիմփուրի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներին առնչվող երկկողմ համագործակցության շուրջ մի շարք հարցեր: