Սնոուդենը ապաստան է խնդրում Բրազիլիայից

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը ապաստան է խնդրել Բրազիլիայից։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով բրազիլական Folha de S. Paulo պարբերականը։

Ինչպես նշում է գործակալությունը, Սնոուդենը բաց նամակ է գրել բրազիլացի ժողովրդին։ Նամակում ասվում է, որ Սնոուդենը պատրաստ է Բրազիլիայի կառավարությանն օգնել հետաքննել ԱՄՆ-ի լրտեսումը, սակայն դա կանի միայն այն դեպքում, եթե այս երկիրն իրեն ապաստան տա։

«Ես հայտնել եմ իմ ցանկությունը՝ օգնել այնտեղ, որտեղ դա տեղին է և օրինական, սակայն, ցավոք, ԱՄՆ-ի իշխանությունները համառորեն աշխատում են դա անելու հնարավորությունից ինձ զրկելու ուղղությամբ։ Քանի դեռ երկիրն ինձ ապաստան չի տրամադրել, ԱՄՆ-ը կարող է շարունակել խնագարել ինձ խոսել»,- գրել է Սնոուդենը։

Նամակում նա նաև ընդգծել է, որ իրեն հիացնում է այն, թե Բրազիլիայի իշխանություններն ինչպես են քննադատում ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության լրտեսման ծրագիրը։

Էդվարդ Սնոուդենը միջազգային ճանաչվածություն ստացավ ամերիկյան հատուկ ծառայությունների մասին գաղտնի տեղեկությունների հրապարակումից հետո։ Ներկայում Սնոուդենը Ռուսաստանում է, որտեղ նրան ժամանակավոր ապաստան է տրամադրվել։

Մեկնաբանել