Ասիական զարգացման բանկը Հայաստանում նոր ծրագրեր կիրականացնի

Վարչապետ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանային վարչության տնօրեն Քլաուս Գերհաուզերին, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

«Ուրախ ենք, որ Ասիական զարգացման բանկի հետ մեր հարաբերությունները տարեցտարի խորանում են, ընդլայնվում են նաև փոխգործակցության ոլորտները»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է շարունակել երկկողմ համագործակցությունը՝ իրականացնելով համատեղ տարբեր ծրագրեր:

Քլաուս Գերհաուզերը ևս գոհունակություն է հայտնել Հայաստանի հետ համագործակցության ընթացքից և նշել, որ վերջին 6-7 տարիների ընթացքում Հայաստանի տարբեր բնագավառներում ներդրվել է $750 մլն: Տեղեկացվել է, որ այժմ ՀՀ կառավարության հետ քննարկվում է գործընկերության հաջորդ հինգ տարիների ռազմավարությունը, որով ծրագրեր կիրականացվեն երկրի քաղաքային զարգացման, ջրամատակարարման, էներգետիկ անվտանգության ոլորտներում: Քլաուս Գերհաուզերը նշել է, որ ԱԶԲ-ն, բացի ֆինանսավորումից, պատրաստ է ցուցաբերել նաև տեխնիկական օժանդակություն:

Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման ընթացքին, գյուղատնտեսության բնագավառում հնարավոր համագործակցությանը և այլ հարցերի:

Մեկնաբանել