Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հանրապետության հրապարակում հանդիսավորությամբ միացրել է հանրապետության գլխավոր՝ 38 հազար լուսադիոդային սարքերով ու 500 խաղալիքներով զարդարված տոնածառի լույսերը, որով էլ տրվել է մայրաքաղաքում ամանորյա տոնական միջոցառումների մեկնարկը:
Ինչպես հաղորդում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, հանդիսությունն ուղեկցվել է տոնական համերգով, որին մասնակցել են հեռուստատեսության և ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբը, համույթներ, նվագախմբեր և երգչախմբեր:
Գլխավոր տոնածառի լույսերի միացմանը զուգահեռ՝ լուսավորվել են նաև մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների տոնածառերը, գործարկվել են գլխավոր ու երկրորդական փողոցներում տեղադրված տոնական լուսավորության համակարգերն ու մայրաքաղաքի լուսադիոդային տոնական զարդարանքները, այդ թվում նաև շատրվանները:
«Ինչպես նկատել եք, այս տարի մի փոքր ավելի վաղ ենք սկսել թե՛ ձևավորումը, և թե՛ ընդհանրապես միջոցառումները»,- ասել է Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ «քաղաքապետարանն արել է հնարավորը, որ Երևանի բնակիչների մոտ տոնական տրամադրությունն ավելի երկար լինի»:
Երևանի քաղաքապետը նաև կոչ է արել երևանցիներին ավելի ակտիվ լինել և մասնակցել տոնական միջոցառումներին: