Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավորները հաստատել են քաղաքի կենտրոնում վճարովի ավտոկայանատեղիների գոտու ընդլայնման հարցով հանրաքվեի անցկացումը, հաղորդում է BBC-ն:
Հանրաքվեի նախաձեռնությամբ հանդես է եկել «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության Մոսկվայի գրասենյակը, որի առաջարկին աջակցել են «Եդինայա Ռոսիայի» պատգամավորները:
Այսպիսով` Մոսկվայի բնակիչները կկարողանան իրենց կարծիքն արտահայտել վճարովի ավտոկայանատեղիների տարածքի մեծացմանը` մինչև «Սադովոյե կոլցո»-ի սահմանները, ինչպես նաև իրենց վերաբերմունքը կարտահայտեն` արժե արդյոք ընդհանրապես ընդլայնել այդ գոտին:
Մոսկվացիները կկարողանան նաև իրենց դիրքորոշումը հայտնել քաղաքի կենտրոնի բնակիչների համար անվճար ավտոկայանատեղիների համակարգի ներդրման վերաբերյալ:
Հանրաքվեի անցկացման համար նախաձեռնող խմբին անհրաժեշտ է 30 օրվա ընթացքում հավաքել Մոսկվայի գրանցված բնակիչների 143 հազ. ստորագրություն:
Ակնկալվում է, որ քաղաքային հանրաքվեն կանցկացվի 2014թ. սեպտեմբերի 14-ին:
Մոսկվային իշխանությունների որոշմամբ` դեկտեբերի 25-ից «Բուլվարնոյե կոլցո»-ի սահմաններում կայանման վճարը կբարձրանա` կազմելով 80 ռուբլի/1 ժամ: «Բուլվարնոյե» և «Սադովոյե կոլցո»-ների միջև կայանումը կարժենա 60 ռուբլի/1 ժամ: