Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 18-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին և ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի` Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով օգնական Էվելին Ֆարկասի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է հայ-ամերիկյան հերթական երկկողմ պաշտպանական խորհրդակցություններն անցկացնելու նպատակով:
Ինչպես հաղորդում են ՊՆ մամուլի ծառայությունից, պատվիրակության կազմում են ԱՄՆ պաշտպանության քարտուղարի գրասենյակի, ԱՄՆ եվրոպական հրամանատարության, Կանզասի ազգային գվարդիայի և ԱՄՆ Պաշտպանության և անվտանգության համագործակցության գործակալության պաշտոնյաները:
Հանդիպման ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել երկկողմ համագործակցության ներկայիս մակարդակը, որն իրականացվում է հիմնականում երկու` ՀՀ միջազգային անվտանգության ապահովման և խաղաղապահ փոխգործակցելի կարողությունների զարգացման և պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին մասնագիտական խորհրդատվական աջակցություն տրամադրման ուղղություններով:
Սեյրան Օհանյանը նշել է, որ ԱՄՆ ռազմաուսումնական հաստատություններում և վարժական կենտրոններում հայ զինծառայողների կրթության և անհատական ու ստորաբաժանման կազմով վարժանքների` վերջերս ընդլայնված հնարավորությունները մեծ դեր են խաղում ՀՀ ԶՈՒ անձնակազմի պատրաստության գործում, սակայն անհրաժեշտ է կոնկրետ քայլեր ձեռնարկել Հայաստանում խաղաղապահ վարժական կարողությունների ստեղծման ուղղությամբ:
Էվելին Ֆարկասը նշել է, որ ներկայիս համագործակցության ոլորտները փոխադարձ շահավետ են, սակայն դրանք զարգացնելու ավելի լայն հեռանկարներ կան:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Հայ-ամերիկյան երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները տեղի կունենան դեկտեմբերի 19-ին, որի ընթացքում կամփոփվեն համագործակցության նախորդ ժամանակաշրջանի ձեռքբերումները և կհաստատվեն հետագա համագործակցության հեռանկարները: