ԵՄ-ն 20%-ով կրճատել է ՀՀ կառավարությանը հատկացվող գումարը

Եվրոպական Միությունը դեկտեմբերի 14-ին Հայաստանի կառավարությանն է տրամադրել €4,8 մլն` 2013թ. համար նախատեսված €6 մլն ընդհանուր փոփոխական հատկացման հիման վրա: ԵՄ հայաստանյան պատվիրակության տարածած հաղորդագրության համաձայն` վճարման ծավալի նվազումը` նշյալ տրանշով հաստատված €6 մլն ֆինանսավորման համեմատ, պայմանավորված է նրանով, որ չեն բավարարվել երկու պայմաններ, որոնք կապված են նորաստեղծ Պետական գնումների բողոքարկումների խորհրդի գործառնական կարողությունների հետ և արտաքին աուդիտի ոլորտում առաջարկությունների իրականացման մանրամասների հրապարակմամբ:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն` այս հատուցումը կազմում է Եվրոպական Միության և Հայաստանի կառավարության միջև 2010թ. համաձայնեցված Բյուջետային օժանդակության գործառույթների մի մասը: Բյուջետային օժանդակության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի կառավարության գանձապետարանի միջոցով:

Դրամական հատուցումը տրամադրվում է Եվրոպական հարևանության քաղաքականության Գործողությունների ծրագրում ամրագրված բարեփոխումների դիմաց, որոնք իրականացվել են պետական ֆինանսների կառավարման, հանրային հատվածի թափանցիկության բարձրացման, և Եվրոպական Միության ու միջազգային առևտային չափանիշների հետ իրավական ներդաշնակեցման ուղղություններով:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է €21 մլն, այդ թվում` €20 մլն-ը բյուջետային օժանդակություն: Դեկտեմբերի 14-ին կատարված €4,8 մլն վճարումը հետևում է 2011թ. դեկտեմբերին կատարված €8 մլն վճարմանը` կազմելով ընդհանուր առմամբ €12,8 մլն: €1 մլն-ը տրամադրվում է որպես տեխնիկական աջակցություն ՀՀ պետական մարմիններին և նշյալ ոլորտներում ակտիվ ոչ պետական հաստատություններին: Գործառույթների առաջընթացի գնահատումն իրականացվում է ԵՄ-ի և ԵՄ գործակալութունների, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, միջազգային զարգացման գործընկերների և բոլոր ոչ-պետական դերակատարների կողմից` համատեղ:

ԵՄ-ի հատկացված գումարներով իրականացված ծրագրերի շրջանակում ստեղծվել և e-gov.am-ում տեղադրվել է գրանցամատյան՝ արտաքին աուդիտի թափանցիկությունը բարձրացնելու նպատակով: Ֆինանսների նախարարությունում ծրագրի շրջանակում ստեղծել է Կենտրոնական ներդաշնակեցման վարչություն, որը պատասխանատու է պետական գնումների և պետական ֆինանսների ներքին հսկողության բարեփոխումների ուղղորդման համար: Ծրագիրն օժանդակել է Պետական գնումների բողոքարկումների խորհրդի ստեղծմանը, որը զբաղվում է պետական գնումների հետ առնչվող բողոքներով: Առևտրին առնչվող ոլորտում ծրագրի օժանդակությամբ կառավարության կողմից ընդունվել է Որակի ենթակառուցվածքի բարեփոխումների ռազմավարությունը, ընդունվել և հրապարակվել է գրանցամատյան մտավոր սեփականությանն առնչվող օրենսդրություն և ենթա-օրենդրական ակտեր, դատական կանոնակարգեր և միջազգային պայմանագրեր:

Ուշագրավ է, որ ԵՄ-ն այս որոշումը կայացնում է այն բանից հետո, երբ Հայաստանը սեպտեմբերի 3-ին նախագահի մակարդակով հայտարարում է, որ Հայաստանը որոշել է մտնել Մաքսային միություն (Ռուսաստան, Ղազախստան և Բելառուս) և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միությանը: 2013թ. նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակում Հայաստանը ԵՄ-ի հետ չի նախաստորագրում Ասոցացման ու Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերը, որոնց շուրջ մոտ երեք ու կես տարի բանակցել էր Եվրամիության հետ:

Մեկնաբանել