«Արժանապատիվ հայրենիքը» կոչ է անում ԱԺ-ում իմփիչմենթի գործընթաց սկսել

«Արժանապատիվ հայրենիք» նախաձեռնությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում կոչ է անում «Ազգային ժողովում անհապաղ իմփիչմենթի գործընթաց սկսել», ինչպես նաև պահանջում «գործող իշխանության հրաժարականը»:

Հայտարարությունում մասնավորապես ասված է. ««Արժանապատիվ հայրենիք» նախաձեռնությունը դատապարտում է՝ Սերժ Սարգսյանի կողմից «ՀայՌուսգազարդի» 20% բաժնեմասը պարտքի դիմաց ռուսական կողմին հանձնելը; ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանրակրթության ոլորտում համագործակցության հուշագիր ստորագրելը; Մաքսային Միությանը բռնակցման ճանապարհային քարտեզի պատրաստումը; կառավարության կողմից կնքված և ՀՀ ԱԺ հաստատմանը ներկայացված երեք նվաստացուցիչ համաձայնագրերը գազի և նավթամթերքի վերաբերյալ։

Փաստում է. մեծացնելով Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից` ՀՀ իշխանությունը յուրացնող վարչակարգը, ստելով և թաքցնելով ՀՀ հասարակությունից իրականում տեղի ունեցող գործընթացները, նպաստում է մեր պետականության վերացմանը, որի իրավական ու վերջնական ձևակերպումը կլինի Հայաստանի մուտքը Մաքսային միություն և Եվրասիական տնտեսական միություն։

Տեղեկացնում է. այդ միությունների շրջանակում մշտական գործող Եվրասիական տնտեսական հանձնաժողովը վերազգային մարմին է։ Հանձնաժողովի որոշումները պարտադիր են անդամ պետությունների համար։ Նրա հիմնական գործառույթները կայանում են Մաքսային միության և ԵՏՄ-ի գործունեությունն ու զարգացումն ապահովելը։ Այն առաջնորդվում է բացառապես եվրասիական հանրության ամբողջացված շահերով` ստորադասելով որևէ առանձին անդամ պետության շահերը։
Հետևաբար ստորադասվելու է նաև ՀՀ հասարակության շահերն, որը վտանգում է ՀՀ ինքնիշխանությունը, ժողովրդավարությունն ու ազատ զարգանալու հնարավորությունները։

Մատնանշում է. ինքնիշխանության կորստին տանող գործընթացում մեղավորություն ունեն նաև այն քաղաքական ուժերն ու գործիչներն, որոնք չեն ընդվզում Հայաստանը Մաքսային միության և Եվրասիական տնտեսական միության բռնակցման գործընթացի դեմ` լռելյայն նպաստելով դրան:

Կոչ է անում. ՀՀ Ազգային ժողովում անհապաղ իմփիչմենթի գործընթաց սկսել, որպես ապապետական վարչակարգի հեռացման սկիզբ:

Պահանջում է. գործող իշխանության հրաժարականը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ»։

Մեկնաբանել