Եվս մեկ աղմկահարույց հրաժարական Թուրքիայում

Ստամբուլի ոստիկանապետ Հուսեյն Չափքընը դեկտեմբերի 19-ին համալրել է ոստիկանության համակարգի՝ աշխատանքից ազատված աշխատակիցների երկար ցանկը այն բանի արդյունքում, որ երկրի ընդդիմությունը շարունակել է պահանջել կոռուպցիոն սկանդալում, իր պնդմամբ, ներգրավված նախարարների հրաժարականը, հաղորդում է Hurriyet Daily News-ը:

Դեկտեմբերի 18-ին աշխատանքից ազատվել են նաև Չափքընի երկու օգնականներն ու բարձրաստիճան պաշտոնյաների հանդեպ հետաքննություն անցկացրած ոստիկանության աշխատակիցները:

«Ես հանրային ծառայող եմ: Չորս-չորսուկես տարի այստեղ (Ստամբուլում) պատվով ծառայել եմ: Իսկ հիմա ինձ ասում են, որ վերադառնամ կենտրոնական ապարատ: Հուսանք՝ ամեն ինչ լավ կլինի»,- դեկտեմբերի 19-ին լրագրողներին ասել է Չափքընը: Ավելի վաղ նա խիստ քննադատության էր ենթարկվել Ստամբուլում Գեզիի ցույցերի ժամանակ անհամաչափ ուժի կիրառման համար:

Թուրքիայում ոստիկանության ավելի քան 10 բարձրաստիճան պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից այն բանից հետո, երբ դեկտեմբերի 17-ին Անկարայի և Ստամբուլի իրավապահների հատուկ գործողությունների արդյունքում խարդախության և կաշառակերության կասկածանքով բերման էր ենթարկվել 49 մարդ, իսկ դեկտեմբերի 18-ին՝ ևս երեքը: Բերման ենթարկվածների թվում էին Թուրքիայի երեք նախարարների՝ ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերի, էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի և քաղաքաշինության նախարար Էրդողան Բայրաքթարի որդիները՝ Բարըշ Գյուլերը, Սալիհ Քաան Չաղլայանն ու Օղյուզ Բայրաքթարը, ինչպես նաև թուրք մագնատ Ալի Աղաօղլուն, Ստամբուլի Ֆաթիհ վարչական շրջանի ղեկավար Մուստաֆա Դեմիրը, «Հալք» բանկի գլխավոր տնօրեն Սուլեյման Ասլանը, ադրբեջանցի գործարար Ռեզա Զարաբը, բնապահպանության և էկոնոմիկայի նախարարությունների աշխատակիցներ:

Ձերբակալությունների օրը Հունգարիայոմ գտնվող Էրդողանը հայտարարել էր, որ տեղի է ունեցել «կ­­­եղտոտ օպերացիա», որն անընդունելի է իր համար:

Կոռուպցիոն սկանդալի և Թուրքիայում ստեղծված ներքաղաքական իրադրության մասին ավելի մանրամասն՝ այստեղ:

Մեկնաբանել