Համանախագահները հունվարին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կկազմակերպեն

Տարածաշրջան կատարած վերջին այցից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը հանդես են եկել մամուլի հաղորդագրությամբ, որում ամփոփել են դեկտեմբերի 15-ին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և դեկտեմբերի 16-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, դեկտեմբերի 17-ին Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ հանդիպումները:

«Նախագահներն ու համանախագահները քննարկել են Վիեննայում նոյեմբերի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների, դեկտեմբերի 4-5-ը Կիևում արտաքին գործերի նախարարների հանդիպումների արդյունքները: Նրանք արտահայտել են իրենց մտադրությունը շարունակել բանակցությունները 2014թ. հունվարին:

Համանախագահները նշել են, որ սահմանին հրադադարի վերջին խախտումները խարխլում են խաղաղության հեռանկարը: Նրանք կողմերին կոչ են արել զերծ մնալ հետագա այնպիսի գործողություններից, որոնք կարող են մեծացնել լարվածությունը, և աշխատել բանակցությունների սեղանի շուրջ առաջընթաց ապահովելու մթնոլորտի ստեղծման ուղղությամբ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաջորդ տարի հունվարին կմեկնեն կառույցում նախագահությունն ստանձնող Շվեյցարիա և կկազմակերպեն Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում` բարձր մակարդակով բանակցությունների նախապատրաստման համար»:

Ի դեպ` համանախագահներն այս անգամ տարածաշրջանային այցի ընթացքում Ստեփանակերտում հանդիպել էին նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Վերջիններս ՍիվիլՆեթի հետ զրույցում այս հանդիպումը որակել էին «աննախադեպ»:

Մեկնաբանել