Ես ինձ խաբված եմ զգում. Վարդան Օսկանյանը` գազի գնի մասին

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում դեկտեմբերի 20-ին քննարկվում է Հայաստանի և Ռուսաստանի միջև գազային պայմանագրի վավերացման հարցը, որով Հայաստանը գազի մատակարարման մենաշնորհը հանձնում է Ռուսաստանին՝ օտարելով «ՀայՌուսգազարդ» ընկերության 20%-ը:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի` հիմնական զեկուցող էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին ուղղված հարցին, թե այն դեպքում, եթե Ռուսաստանը որոշի բաժնետոմսերը վաճառել Թուրքիային կամ Ադրբեջանին, Հայաստանը ինչ լծակներ ունի այն կանխելու (հիշեցրել է Կարսի պայմանագիրը, որը ստորագրվել է քեմալա-բոլշևիկյան իշխանությունների կողմից), Մովսիսյանը պատասխանեց. «Համաձայնագրում պարզ ներկայացված է, թե Ռուսաստանն ում իրավունք ունի վաճառելու բաժնետոմսերը. դրանք փոխկապակցված ընկերություններ են, և կարող է վաճառվել բաժնետոմսերի 49 տոկոսը` Հայաստանի համաձայնությամբ»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն էլ ասաց, որ որպես ԱԺ պատգամավոր և ՀՀ քաղաքացի` «իրեն խաբված է զգում»:

«Մենք տարիներով միասին աշխատել ենք որպես նախարարներ, բարդ իրավիճակներում ենք գտնվել, բայց երբեք չենք դավաճանել, չենք ստել, և ուզում եմ հավատալ, որ հիմա նույնպես դա չի արվում,- ասաց Վարդան Օսկանյանը: -Դուք անձամբ բազմաթիվ անգամներ հերքել եք, որ գազի գինը բարձրացել է: Ակնհայտ է, որ տարիների ընթացքում Հայաստանը պարտք է կուտակել, և մենք գիտենք, որ ԱԺ-ն հավանություն պիտի տա նման պարտքի կուտակմանը, առավել ևս երբ ձեզ կոնկրետ հարցեր են տրվել»:

ԲՀԿ պատգամավորի` պարտքի կուտակման ժամանակահատվածի վերաբերյալ հարցին Արմեն Մովսիսյանը պատասխանեց, որ այն կուտակվել է 2011-ից, և այդ ընթացքում իրենք բանակցել են ռուսական կողմի հետ. ինքը չի ասել, թե «գազի գինը չի բարձրանա»:

«Մենք բանակցություններ էինք վարում Ռուսաստանի հետ, և մինչ այդ գազի գինը սահմանի վրա $180 էր. մենք չէինք կարող կանխատեսել, թե պարտքը ինչքան կլիներ»,- ասաց Արմեն Մովսիսյանը:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին էլ հետաքրքրում էր, թե ով է որոշել, որ բաժնետոմսերի 20%-ը $155 մլն արժե, և ինչու կուտակված $300 մլն-ի պարտքը չի ձևակերպվել որպես պետական պարտք:

Պատասխանելով այս հարցին` նախարարն ասաց, որ գինը ձևավորվել է փորձագետների հետ աշխատանքի արդյունքում, իսկ որոշողը ՀՀ կառավարությունն էր: Անդրադառնալով պետպարտքի մասին հարցին՝ Մովսիսյանը նշեց, որ իրենք չգիտեին, թե որքան պարտք կկուտակվի:

«Ի՞նչ պետական պարտք ձևակերպվեր»,- հարցադրում արեց էներգետիկայի նախարարը:

Մեկնաբանել