Թուրքիայի իշխող կուսակցության և գյուլենական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի միջև իշխանության համար մղվող պայքարը կտևի այնքան ժամանակ, մինչև նրանցից մեկը պարտություն կրի: Այսպիսի տեսակետ է հայտնել թուրք հայտնի լրագրող Նեդիմ Շեները Hurriyet Daily News-ի հետ զրույցում:
Դեկտեմբերի 17-ին Անկարայի և Ստամբուլի իրավապահների հատուկ գործողությունների արդյունքում խարդախության և կաշառակերության կասկածանքով բերման էր ենթարկվել 49 մարդ, իսկ դեկտեմբերի 18-ին՝ ևս երեքը: Բերման ենթարկվածների թվում էին Թուրքիայի երեք նախարարների՝ ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերի, էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի և քաղաքաշինության նախարար Էրդողան Բայրաքթարի որդիները՝ Բարըշ Գյուլերը, Սալիհ Քաան Չաղլայանն ու Օղյուզ Բայրաքթարը, ինչպես նաև թուրք մագնատ Ալի Աղաօղլուն, Ստամբուլի Ֆաթիհ վարչական շրջանի ղեկավար Մուստաֆա Դեմիրը, «Հալք» բանկի գլխավոր տնօրեն Սուլեյման Ասլանը, ադրբեջանցի գործարար Ռեզա Զարաբը, բնապահպանության և էկոնոմիկայի նախարարությունների աշխատակիցներ: Վերջին զարգացումները համարվում են իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» և գյուլենական շարժման («Ջեմաաթ») միջև պայքարի հերթական փուլ:
Շեները հերքել է այն պնդումը, որ Թուրքիայում «զուգահեռ պետություն» կա:
«Սա զուգահեռ պետություն չէ, այլ գաղտնի կառույց պետության շրջանակում: Վարչապետը նույնպես այս կառույցի մաս է կազմում, ինչպես և գյուլենական շարժումը: Երկու կողմերը կիսում են իշխանությունը»,- ասել է Շեները՝ հավելելով, որ գործընթացը հեշտ չի լինելու. կամ «Ջեմաաթն» է AKP-ի վերջը տալու, կամ հակառակը:
2009թ. լույս տեսած «Ֆեթուլլահ Գյուլենն ու «Ջեմաաթը» «Էրգենեքոնում»» վերնագրով գրքի հեղինակ Շեները 2011թ. ձերբակալվել է OdaTV-ի դեմ գործի շրջանակում. պորտալը հայտնի էր կառավարության իր քննադատությամբ: Գործի շրջանակներում Շեներն ու հայտնի մեկ այլ լրագրող Ահմեթ Շիքը մեկ տարի անցկացրել են ազատազրկման մեջ:
Շեների պնդմամբ՝ իր և Շիքի ազատազրկումը գյուլենական շարժման՝ դատական համակարգում ազդեցության արդյունք էր, և դա նույնպես հակասություններ է առաջացրել երկու կողմերի միջև: Շեների խոսքով՝ AKP-ի և գյուլենական շարժման միջև հակասությունն ի հայտ է եկել «Մավի Մարմարայի» դեպքերից հետո [2010թ. մայիսի 31-ին Գազա ուղևորվող թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել էր ինը թուրք]: Հակասություններն էլ ավելի են սրվել 2012թ. փետրվարի 7-ին Ազգային հետախուզական գործակալության (MİT) հանդեպ հետաքննության ժամանակ և բացահայտ է դարձել «դերսանե»-ի ճգնաժամի ժամանակ: «Դերսանե» են կոչվում Թուրքիայում համալսարանական ընդունելությանը նախապատրաստող մասնավոր դպրոցները Թուրքիայում, որոնց մեծ մասը տնօրինում է գյուլենական շարժումը:
««Դերսանե»-ի ճգնաժամով ձգանը պարզապես քաշվեց: Այդ օպերացիայով պաշտոնապես պատերազմ սկսվեց AKP-ի և «Ջեմաաթի» միջև: Գյուլենականները ցանկանում են Էրդողանի վերջը տալ, քանի որ ցանկանում են, որ AKP-ն լինի առանց Էրդողանի: Գյուլենական շարժումը ցանկանում էր իր խոսքն ունենալ կառավարության մեջ: Մինչև վերջերս Գյուլենն ու AKP-ն «միասնական ճակատագիր» ունեին, ինչպես նրանք են ասում: Միասին նրանք բազմաթիվ ապօրինություններ են արել և պարտավոր են միմյանց: Մի անգամ վարչապետն ասաց. «Նրանց տվեցինք, ինչ որ ցանկանում էին»: Վարչապետը պետք է բացատրի դա»,- ասել է Շեները: