ԱՄՆ ՄԶԳ-ն կաջակցի ՀՀ-ում կենսաթոշակային համակարգի իրազեկության բարձրացմանը

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը 2013թ. դեկտեմբերի 20-ին երկու դրամաշնորհային համաձայնագիր են ստորագրել, որոնք կաջակցեն երկրի ընթացիկ կենսաթոշակային համակարգի վերաբերյալ իրազեկության բարձրացմանը և սոցիալական ծառայությունների որակի բարելավմանը:

«Այսօր մենք նոր ծրագրեր ենք սկսում նպատակ ունենալով սոցիալական պաշտպանության ոլորտում բարեփոխումներ իրականացնել: Գումարի մի մասը՝ $149 հազ-ը, կուղղվի կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ իրազեկման բարձրացմանը: Թեև համակարգի վերաբերյալ իրազեկման ծրագրեր իրականացվում են արդեն 10 տարի, սակայն բնակչության մոտ դեռ կա անորոշություն: Այս ծրագրով կփորձենք պատասխան տալ բոլոր հարցերին: Հաջորդ ծրագրով մենք ամփոփում ենք ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի փորձնական ծրագրի արդյունքն ու ինստիտուցիոնալացնում դրանք: Հավաստիացնում եմ, որ ձեր տրամադրած միջոցները կօգտագործվեն արդյունավետորեն և կծառայեն իրենց նպատակին»,- ասել է Արտեմ Ասատրյանը:

Ինչպես հաղորդում են ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունից, առաջին ծրագրի նպատակն է շարունակել ԱՄՆ ՄԶԳ աշխատանքները` ուղղված աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքների կարողությունների բարելավմանը, ինչպես նաև իրականացնել ֆինանսական գրագիտության ծրագրեր կառավարության կողմից ֆինանսավորվող «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի միջոցով: Մեկամյա ծրագիրը լրացնում է ԱՄՆ ՄԶԳ Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի, «Ֆինանսներ հանուն տնտեսական զարգացման» ծրագրի և Հարկային բարեփոխումների ծրագրի գործունեությունը: Իր հերթին, Համաշխարհային բանկը դրամաշնորհային օժանդակություն է տրամադրել Հայաստանում Կենսաթոշակային միասնական պորտալի և կենսաթոշակային միասնական թեժ գծի ստեղծման համար:

Երկրորդ համաձայնագրի շրջանակում ԱՄՆ ՄԶԳ-ն նախարարությանը կսատարի բարելավել Հայաստանի բնակչությանը տրամադրվող սոցիալական ծառայությունների որակն ու արդյունավետությունը: Ծրագիրը կօժանդակի կառավարության նախաձեռնած Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի (ԻՍԾՀ) ներմուծմանը և կանդրադառնա ներմուծման փուլում հիմնական մարտահրավերներին: ԻՍԾՀ ներմուծմամբ կառավարությունը նպատակ ունի տնտեսական աճի և աղքատության նվազեցման խթաններ ստեղծել մարդկային կապիտալի զարգացման միջոցով: Բացի այդ, կվերանայվի սոցիալական աշխատանքի բնույթն ու դերը:

Երկու դրամաշնորհները 2013թ. սեպտեմբերին ԱՄՆ ՄԶԳ-ի և կառավարության միջև ստորագրված առողջապահական և սոցիալական բարեփոխումների օժանդակության ծրագրի մաս են:

Արարողությանը ներկա են եղել ՀՀ կառավարության և ԱՄՆ Առաքելության ներկայացուցիչներ:

Մեկնաբանել