Դեյվիդ Քեմերոնը ներկա չի գտնվի Սոչիի Օլիմպիադային

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է, որ չի մեկնի 2014թ. Սոչիի Օլիմպիադային, հաղորդում է The Indenpendent-ը:
Պարբերականը նշում է, որ Քեմերոնի որոշումը կապված չէ Ռուսաստանում մարդու, մասնավորապես, սեռական փոքրամասնությունների իրավունքներին առնչվող խնդրի հետ:
«Վարչապետը հավատում է դիվանագիտության և փոխազդեցության քաղաքականությանը: Նա չի համարում, որ շատ բաների կարելի է հասնել բոյկոտի և կոշտ միջոցառումների միջոցով»,- ասել է The Independent-ի աղբյուրը:
Սոչիի Օլիմպիադային ժամանող բրիտանական պատվիրակության կազմում կլինեն սպորտի և մշակույթի նախարարները, սակայն պատվիրակության վերջնական կազմը դեռևս հստակեցված չէ:

Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն դեկտեմբերի 19-ին հայտարարել էր, որ ներկա չի լինի Սոչիում կայանալիք Օլիմպիական խաղերին` դժգոհություն հայտնելով Ռուսաստանում մարդու իրավունքների խախտման, ինչպես նաև` Լիտվայի և «Արևելյան գործընկերության» մասնակիցների, մասնավորապես` Ուկրաինայի վրա Ռուսաստանի կողմից իրականացվող տնտեսական և քաղաքական ճնշումների վերաբերյալ:

Դեկտեմբերի 17-ին Սպիտակ տունը հրապարակել էր 2014թ. Սոչիի ձմեռային Օլիմպիադայի բացման և փակման արարողություններին ԱՄՆ-ի պաշտոնական պատվիրակությունների կազմերը, որից պարզ դարձավ, որ նախագահ Բարաք Օբաման, ինչպես նաև Առաջին տիկինն ու փոխնախագահ Ջո Բայդենը Օլիմպիադային մեկնել չեն ծրագրում:

Դեկտեմբերի 15-ին Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել էր, որ Ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնայներից որևէ մեկը, ներառյալ՝ նախագահ Ֆրանսուա Օլանդը, չի մեկնի 2014թ․ Սոչիի ձմեռային Օլիմպիադային: Նա, սակայն, չէր մանրամասնել այսպիսի որոշման պատճառները:

Դեկտեմբերի սկզբին Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկն էր Ռուսաստանի իշխանություններին տեղեկացրել, որ չի մեկնելու Սոչիի Օլիմպիադային։ Գաուկի գրասենյակը հերքել էր լուրերը, թե այդպիսով նա բոյկոտ է հայտարարում Սոչի-2014-ին, սակայն Գերմանիայում նրա որոշումն ընկալել են՝ որպես բողոքի արտահայտում Ռուսաստանում մարդու իրավունքների խախտմանը:

Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վիվիան Ռեդինգը նույնպես հայտարարել է, որ չի մեկնելու Սոչիի Օլիմպիադային Ռուսաստանում փոքրամասնությունների հարցում գործող օրենսդրության պատճառով։

Ռուսաստանի կառավարությունը Միջազգային օլիմպիական կոմիտեին գրավոր վստահեցրել է, որ «գեյ քարոզչության» մասին օրենքը, որն ընդունվել է այս տարվա հունիսին, չի անդրադառնա մարզիկների և Օլիմպիադայի հանդիսատեսների վրա։

Հոկտեմբերի վերջին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի բոլոր մասնակիցներն ու հյուրերը` անկախ ազգային պատկանելությունից կամ սեռական կողմնորոշումից, իրենց հարմարավետ կզգան:

Մեկնաբանել