Նախազգուշացում տաքսի ծառայություններին՝ մոլորեցնելու համար

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը անբարեխիղճ վարքագծի համար խիստ նախազգուշացում է կիրառել 16 տաքսի ծառայությունների նկատմամբ։

Տրանսպորտի և կապի նախարարության տվյալներով՝ դեկտեմբերի 9-ի դրությամբ հանրապետությունում մարդատար տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրում կարող է իրականացնել 384 տնտեսվարող և 2253 անհատ ձեռնարկատեր։ Թեև նրանց գերակշիռ մասը մոլորեցնում է հաճախորդներին (չտեղեկացնելով նստելավարձի մասին կամ էլ 1 կմ-ի համար գանձելով ավելի բարձր սակագին, քան նշված է մեքենայի վրա), Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) անբարեխիղճ վարքագծի համար խիստ նախազգուշացում կիրառեց ընդամենը 16 տնտեսվարողի նկատմամբ։

Դեկտեմբերի 23-ին տեղի ունեցած նիստում ՏՄՊՊՀ-ն անբարեխիղճ վարքագիծ դրսևորելու համար պատասխանատվության միջոց կիրառեց տաքսի ծառություն մատուցող 16 ընկերությունների հանդեպ։ Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը նշեց, որ ռեսուրսների սահմանափակության պատճառով ուսումնասիրությունը կատարվել է ընտրանքային եղանակով. խախտումներ են բացահայտվել բոլոր այն ընկերություններում, որոնցում անցկացվել են դիտանցումներ:

«Սակայն, միայն Երևան քաղաքում գործում են հարյուրավոր տաքսի ծառայություններ: Հետևաբար այն ընկերությունները, որոնք Հանձնաժողովի տեսադաշտում չեն հայտնվել, ստացվում է, որ դուրս են մնում պատասխանատվությունից: Այլ կերպ ասած՝ Հանձնաժողովի նման մոտեցումը պայմանավորված է նաև նրանով, որ տնտեսվարողների հանդեպ չկիրառվի խտրական մոտեցում»,- ասաց Շաբոյանը՝ հավելելով, որ խիստ նախազգուշացումն ավելի շատ կրում է կանխարգելիչ բնույթ, որպեսզի մյուս տաքսի ծառայությունները նույնպես կարգավորեն իրենց մոտ առկա խնդիրները։

Ըստ Շաբոյանի՝ տաքսի ծառայությունների մեքենաներում տեղադրված տաքսոմետրերի վրա, որպես կանոն, 1 կմ-ի գին է նշվում 100 դրամը, իսկ ծառայության համար նվազագույն պարտադիր վճար՝ 600 դրամը, որը ենթակա է փոփոխման՝ սկսած 6-րդ կմ-ից: Հարուցված վարչական վարույթի ընթացքում պարզվել է, որ ուղևորափոխադրման ընթացքում տաքսոմետրերի վրա նշված 600 դրամ նվազագույն պարտադիր վճարը փոխվում է անգամ սկսած 2,1 կմ-ից։

Հանձնաժողովն ուսումնասիրել է նաև միջազգային փորձը, և Շաբոյանի խոսքով՝ առաջարկել օրենսդրությամբ հստակ պահանջներ սահմանել, որոնք կպարտադրեն տաքսի ծառայություններին լիարժեք և ամբողջական տեղեկատվություն տրամադրել պատվիրատուներին: «Այլապես ստացվում է, որ ծառայության արժեքը հայտարարվում է 1 կմ-ի համար 100 դրամ, սակայն այլ՝ չհրապարակվող պայմանների հետևանքով, 1 կմ-ի գինը իրականում շատ ավելի բարձր է»,- ՏՄՊՊՀ նախագահը։

Նիստին ներկա «Այգեձոր» տաքսի ծառայության տնօրեն Սուրեն Մկրտչյանը նշեց, որ խնդիրն իրականում պայմանավորված է անհատ տաքսիստների վարքագծով։ «Վերջին մի քանի տարվա ընթացքում մի քանի անգամ տեղի է ունեցել գազի գնի բարձրացում, մեքենաների սպասարկման ծախսերն են աճել, բայց 1 կմ-ի սակագինը մնացել է անփոփոխ՝ 100 դրամ»,- ասաց Մկրտչյանը՝ հավելելով, թե խնդրի լուծում կարող է լինել այն, որ բոլոր տաքսի ծառայությունների համար սահմանվի միջին ուղևորավարձ և բոլորն աշխատեն այդ սակագնով։

Մեկնաբանել