Թուրքիան նվազեցրել է գումարի չափը, որը պահանջում է Իսրայելից՝ որպես փոխհատուցում 2010թ. «Մավի Մարմարայի» դեպքերի համար, գրել է Today’s Zaman-ը:
Ամսվա սկզբին, Haaretz իսրայելական կայքի հաղորդմամբ, Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Ֆերիդուն Սինիրլիօղլուն և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանդիպում են ունեցել, որի ընթացքում քննարկել են փոխհատուցման հարցը: Ըստ հաղորդագրությունների՝ թուրքական կողմը կրճատել է Իսրայելից պահանջվող փոխհատուցման չափը:
2010թ. մայիսին Գազայի հատված մարդասիրական բեռներ փոխադրող «Մավի Մարմարա» նավի վրա Իսրայելի զինուժի հարձակման հետևանքով զոհվել էր 9 մարդ, որոնցից 8-ը` Թուրքիայի քաղաքացիներ, 1-ը` ԱՄՆ-ի՝ ազգությամբ թուրք քաղաքացի: Միջադեպը լրջորեն խաթարել է Թուրքիայի և Իսրայելի միջև երբեմնի սերտ հարաբերությունները: Լարվածությունը շարունակվել է մինչև վերջերս, երբ մարտի 22-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում ներողություն էր խնդրել միջադեպի համար՝ խոստանալով զոհվածների և վիրավորների ընտանիքներին փոխհատուցում վճարել: Զոհերի ընտանիքներն, այդուհանդերձ, դատական գործընթաց են սկսել իսրայելցի հրամանատարների դեմ, մինչդեռ Իսրայելը ձգտում է, որ իր զինծառայողների դեմ դատական գործերը փակվեն փոխհատուցման վերաբերյալ համաձայնագրի շրջանակում:
Դատական գործը կփակվի այն ժամանակ, երբ Թուրքիան և Իսրայելը վերջնականապես կձևակերպեն փոխհատուցման համաձայնագիրը, որն ապա որպես միջազգային պայմանագիր պետք է վավերացվի խորհրդարանում: Ինչպես հաղորդում է Today’s Zaman-ը, Իսրայելը դիտարկում է այս առաջարկը: