Հայաստանում կտրուկ դանդաղել է տնտեսության աճի տեմպը։
Այս տարվա ինն ամիսներին Հայաստանում ՀՆԱ աճը կազմել է 2,6%, այն դեպքում, երբ առաջին կիսամյակում ցուցանիշը 3,5% էր, առաջին եռամսյակում՝ 7,5%։ Անցած տարվա ինն ամիսներին տնտեսական աճը կազմել է 7,6%։
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ այս տարվա երրորդ եռամսյակում տնտեսական աճը կազմել է 1,4%։ Իհարկե, երկրորդ եռամսյակի համեմատ աճի տեմպը թափ է հավաքել (երկրորդ եռամսյակում արձանագրվել է 0,6% աճ), այնուհանդերձ այն զգալիորեն զիջում է նախորդ տարիների ցուցանիշը։ 2012թ. երրորդ եռամսյակում արձանագրվել է 9,3% տնտեսական աճ, 2011թ. նույն ժահամանակահատվածում՝ 6,9%։
Այս տարվա ինն ամիսներին աճի տեմպի դանդաղումը պայմանավորված է մի շարք գործոններով։ Մասնավորապես, մայիսյան կարկտահարությունների հետևանքով դանդաղել է գյուղոլորտի աճը, հուլիսի 7-ից գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը, և որպես հետևանք՝ բարձր գնաճը նույնպես դանդաղեցրել են տնտեսական աճի տեմպը։
Չնայած այս գործոններին, կառավարությունը ոչ միայն ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականություն չի վարել, այլ զսպել է տնտեսության աճը։ Այս տարվա ինն ամիսներին պետբյուջեն կատարվել էր 36 մլրդ դրամ հավելուրդով՝ ծրագրված 70,59 մլրդ դրամ պակասուրդի դիմաց։ Փաստացի կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը եղել է չափից մեծ զսպողական։ Ինն ամիսներին զսպողականության ծավալը ընդհանուր առմամբ կազմել է մոտ 110 մլրդ դրամ։ Այս ծավալի միջոցներ ծախսելով՝ կառավարությունը կարող էր ապահովել ՀՆԱ-ի լրացուցիչ 3% աճ։ Ըստ մասնագիտական հաշվարկների՝ ՀՆԱ-ի 1%-ի չափով ծախսերը տնտեսական աճի տեմպը խթանում են շուրջ 1,5 տոկոսային կետով։
Այս տարվա ինն ամիսների տնտեսական աճի նման ցածր ցուցանիշը, ինչպես նաև նախորդ տարիների զարգացումները հուշում են, որ կառավարությանը ոչ միայն չի կարողանալու ապահովել բյուջեի հիմքում դրված 6,2% ցուցանիշը, այլ նույնիսկ ճշգրտված 4,1%-ը։
Խնդիրն այն է, որ երրորդ եռամսյակը տարվա տնտեսապես ամենաակտիվ ժամանակաշրջանն է (պայմանավորված բերքահավաքով), չորրորդ եռամսյակում տեղի է ունենում աճի տեմպի նվազում։ Օրինակ, 2012թ. չորրորդ եռամսյակում աճի տեմպը կազմել է 6,4%՝ 2,9 տոկոսային կետով զիջելով երրորդ եռամսյակի ցուցանիշին։ 2011թ. չորրորդ եռամսյակի աճի տեմպը նախորդից պակաս է եղել 1,9 տոկոսային կետով։