Հարկավոր է Հայաստանը պահել

Ռուսաստանի և Հայաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Սերժ Սարգսյանը փաստաթղթեր են ստորագրում, սեպտեմբերի 3, 2013թ․

Վերջերս Ստեփանակերտում հրապարակային հանդիպման ժամանակ Իգոր Մուրադյանը կարծիք հայտնեց, որ Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ի հայտարարությունը պայմանավորված էր ՀՀԿ առաջնորդին իր շրջապատի կողմից տրված ապատեղեկատվությամբ: Ըստ Մուրադյանի` Սարգսյանին համոզել էին, որ կարելի է հայտարարել Մաքսային միություն մտնելու մասին և միաժամանակ ստորագրել Ասոցացման պայմանագիրը:

Սակայն լավատեղյակ աղբյուրներն ավելի հստակ ինֆորմացիա են հաղորդում: Սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանին Ռուսաստանում տրվել է հայտարարության տեքստ, որտեղ ՀՀ-ն մտադրություն էր հայտնում միանալ Մաքսային միությանը: Ռուսաստանը նպատակ ուներ այս կոշտ տեքստի շուրջ բանակցելով` հասնել ՀՀ կողմից Ասոցացման պայմանագրի նախաստորագրումը հետաձգելուն` որպես ճնշում Ուկրաինայի վրա: Սակայն Սերժ Սարգսյանը հայտարարությունը կարդացել է այնպես, ինչպես իրեն տվել էին, ինչը նույնիսկ Վլադիմիր Պուտինին էր զարմացրել, որն էլ Գյումրի այցելության ժամանակ նշեց, որ Մաքսային միություն մտնելու ՀՀ քայլերի հարցում նույնիսկ իրենք չեն հասցնում հայ գործընկերների հետևից:

Արտաքին «ճնշմանը» անվերապահորեն ենթարկվող, սակայն երկրի ներսում իրեն առյուծ զգացող սերժսարգսյանական այս կերպարը հետագայում կարող է դառնալ հոգեբաննների ուսումնասիրության առարկա: Միգուցե թշվառ մանկությո՞ւնը, կոմսոմոլի քծնանքով անցած ճանապա՞րհը, պատերազմի ժամանակ Արցախից վռնդվե՞լն է Սերժ Սարգսյանի մոտ առաջացրել այս որակները, իսկ միգուցեև Մոսկվայի նկատմամբ բնազդային վա՞խը, որ հատուկ է բազմաթիվ նախկին գործակալների և Կոմունիստական կուսակցության կողմից հավաքագրված այլ անձանց:

Արդեն իսկ հստակ է, որ Սերժ Սարգսյանը ստորագրելու է Մոսկվայի դեմ տված յուրաքանչյուր թղթի տակ: Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի վավերացումը ՀՀ ԱԺ-ում ցույց տվեց, որ 77 պատգամավոր պատրաստ են վավերացնել յուրաքանչյուր փաստաթուղթ` ստրկաբար փաստարկներ բերելով իրենց քայլի համար: Քծնանքի, վախի ու սարսափի մթնոլորտում ձևավորված Սերժ Սարգսյանն այս 77-ից ձևավորել է կոճակ սեղմողների մի անգույն մասսա, իրեն ողորմելիորեն ենթարկվող օրգանիզմներ` կարծես վրեժ լուծելով անցյալում կրած իր ստորացումների համար:

Մոսկվայում կրած իր ամեն մի ստորացում ՀՀ նախագահի աթոռին նստած անձը փորձում է փոխհատուցել` սեփական շրջապատին ամեն անգամ խղճուկ վիճակում դնելով: Եվ այս 77 դավաճաններին չի փրկում ո՛չ անցյալում Արցախյան պատերազմին ներկա գտնվելը, ո՛չ ստացած որակյալ կրթությունը, ո՛չ այլ արժանիք: Սրանք արդեն ազգային անվտանգությանը սպառնացող զանգված են, որոնք քվեարկելով ՀՀ ինքնիշխանությունը սահմանափակող օրինագծերի օգտին` վաղը քվեարկելու են տարածք հանձնելու ցանկացած ակտի տակ: Ի վերջո, տարածք հանձնելու մտադրությունների մասին բազմիցս հայտարարել է իրենց շեֆը: Մնում է` Մոսկվայում նման մի թեթև ակնարկ անեն:

Այս տեսակի որոշ ներկայացուցիչներ 90-ականների սկզբին Արցախում ոչնչացվեցին: Ֆիզիկապես: Մնացածը ստիպված լսեցին ոչնչացողներին: Եվ այսպես պահվեց Արցախը: Հիմա հարկավոր է ամբողջ Հայաստանը պահել:

Մեկնաբանել