Դեկտեմբերի 23-ին ՀՀ վարչապետ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել համալսարանի խորհրդի տարեվերջյան նիստը, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:
Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ներկայացրել է բուհի 2013 թ. գործունեության հաշվետվությունը և 2014 թ. բյուջեի նախահաշիվը, զեկուցել կատարված աշխատանքների և առաջիկա քայլերի մասին: Նա տեղեկացրել է, որ 2013 թ. հունվարի 1-ից 40 տոկոսով բարձրացվել է դասախոսների աշխատավարձը, ստեղծվել են համակարգչային լսարաններ, ընթերցասրահներ, գրադարանի հումանիտար գիտությունների ընթերցասրահը հագեցվել է նոր տեխնոլոգիաներով և հնարավորություն է տալիս օգտվել էլեկտրոնային գրականությունից: Վերանայվել և որակապես բարելավվել են մի շարք ամբիոնների ուսումնական ծրագրերը, ինչի արդյունքում դասավանդումն իրականացվում է նոր սկզբունքով: Միջազգային համագործակցության շրջանակում նա, մասնավորապես, անդրադարձել է Ֆինլանդիայի Օուլու համալսարանի հետ իրականացվող ծրագրի արդյունքներին, որը հնարավորություն է ընձեռել նոր մոտեցում որդեգրել մանկավարժական պրակտիկայի կազմակերպման գործընթացում: Համալսարանի ռեկտորի տեղեկացմամբ՝ 2013 թ. ուսանողների ուսման վարձավճարը չի բարձրացել, և 2014 թ. ևս ուսման վճարի ավելացում չի նախատեսվում: Ռեկտորը նշել է, որ համալսարանի 2013 թ. բյուջեից կատարված 350 մլն դրամ խնայողության հաշվին հնարավորություն է ընձեռվել բարձրացնել պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձը:
Խորհուրդը բավարար է գնահատել համալսարանում 2013 թ. կատարված աշխատանքները և հաստատել 2014 թ. բյուջեի նախահաշիվը: