Վրացական ընկերությունները ԵՄ շուկա ակտիվորեն դուրս կգան 2015թ.

Վրացական ընկերությունները իրենց արտադրանքը Եվրամիության երկրներ կկարողանան արտահանել 2015թ. առաջին կեսին: Այս մասին հայտարարել է Վրաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Բորիս Յարոշևիչը, հաղորդում է «Բիզնես Գրուզիան»: «Այն բանից հետո, երբ ԵՄ-ի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը սկսի գործել, վրացական ընկերությունները, որոնց արտադրանքը կհամապատասխանի եվրոպական չափանիշներին, կկարողանան այն արտահանել Եվրոպա: Բացի այդ` կստեղծվեն ներդրումների ներգրավման հնարավորություններ: Ինչ վերաբերում է արտահանման տեմպերին ան կախված կլինի նաև վրացական բիզնես սեկտորի ակտիվությունից և ձեռնարկությունների զարգացման մակարդակից», -ասել է Յարոշևիչը: Նրա խոսքով` վրացական ընկերություններն արդեն հիմա պետք է պատրաստվեն եվրոպական շուկա դուրս գալուն, քանի որ հատկապես փոքր և միջին սեկտորի ձեռնարկությունների մեծ մասը չի համապատասխանում եվրոպական չափորոշիչներին: Ըստ Վրաստանում Միջազգային առևտրային պալատի ղեկավար Ֆադի Ասլիի` համաձայնագիրը վրացական բիզնեսին ավելի քան 560 մլն սպառող ունեցող կայուն շուկա դուրս գալու հնարավորություն կընձեռի: «Այս գործընթացը Վրաստան նոր ներդրողներ կներգրավի, ինչը կարող է խթանել գործազրկության խնդրի լուծմանը», -ասել է Ասլին:

Մեկնաբանել