Լրագրությունը մասնագիտություն է և ունի իր այբուբենը:
Լրագրության կարևորագույն և հիմնարար սկզբունքներից մեկը հետևյալն է. լրագրողը միաժամանակ չի կարող լինել իրադարձությունը լուսաբանող և այդ նույն իրադարձության մասնակից:
Ավելի հասկանալի լեզվով` լրագրողը չի կարող լուսաբանել Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքը և այդ նույն հանրահավաքի մասնակցիների հետ գոռալ` «Սերժի՛կ, հեռացիր»:
Լրագրողը իրավունք չունի Ազգային ժողովում քաղաքական բովանդակությամբ պաստառ վեր հանել և լուսաբանել խորհրդարանի աշխատանքը:
Մենք` լրագրողներս, քսան տարվա, թե քսան օրվա փորձ ունեցողները, կարող ենք սխալվել, ընդ որում` մի քանի անգամ: Դա ներելի է, երբ սխալը կատարել ենք ոչ գիտակցաբար կամ մարդկայնորեն սխալվել ենք:
Սակայն այն, ինչ տեղի ունեցավ դեկտեմբերի 23-ին Ազգային ժողովում, երբ չորս լրագրողներ պաստառներով դիմավորեցին խորհրդարանականներին, իսկ ավելի քան տասը լրագրողներ հարվածում էին ապակիներին, այդպիսով իրենց բողոքը հայտնելով հայ-ռուսական պայմանագրերի վավերացման դեմ, լայն հաշվով կապ չուներ լրագրողի մասնագիտության և լրագրության հետ:
Պետք է ընտրություն կատարել լրագրության, քաղաքացիական ակտիվիզմի և քաղաքականության միջև:
Անթույլատրելի է լրագրողի անվան տակ իրականացնել քաղաքական և քաղաքացիական գործունեություն:
Իսկ նրանք, ովքեր լրագրությունը համարում են ոչ թե մասնագիտություն, այլ ընդամենը միջոց քաղաքական և քաղաքացիական նպատակների իրականացման ճանապարհին, ապա ես չեմ կարող այդ հարցում բանավեճի մեջ ներքաշվել:
Ես որակյալ լրագրության կողմնակից եմ: