Հայաստանը Մաքսային միությանը կանդամակցի կես տարուց․ Շուվալով

Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու հետ կապված ընթացակարգերն ավարտելու համար կպահանջվի մոտ կես տարի, հայտարարել է Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը։

«Նախագահները ստորագրել են Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու «ճանապարհային քարտեզը», և սահմանվել են ժամկետները, ընդ որում՝ Հայաստանը հայտարարել է, որ իրենք ձգտելու են այդ ժամկետները կրճատել։ Մենք նկատի ունենք, որ մեզանից կպահանջվի մոտ կես տարի՝ կատարելու բոլոր ստուգումները, տեսնելու, թե որքանով են պատրաստ Հայաստանի բոլոր ինստիտուտները՝ իրականացնելու այդ վերակազմակերպումը և ստանալու երաշխիքներ, որ դրանք Մաքսային միությանը համապատասխան ինստիտուտներ են»,- ասել է Շուվալովը, որի խոսքը մեջբերում է ռուսական «Ռիա նովոստի» գործակալությունը։

Նա նաև չի բացառել, որ այդ աշխատանքը կարող է իրականացվել ավելի արագ։

«Ղրղըզստանի մասով ընդունվել է որոշում, որ աշխատանքը շարունակվելու է։ Աշխատանքային խումբը պետք է հավելյալ դիտարկի «ճանապարհային քարտեզի» փոփոխման հնարավորությունը։ Մենք ուշադիր լսել ենք այն առաջարկները, որոնք ներկայացրել է Ղրղըզստանի նախագահը»,- ասել է ՌԴ առաջին փոխվարչապետը։

«Սակայն այն, ինչ առաջարկում է Ղրղըզստանը, այժմ Եվրասիական տնտեսական միության առարկա չէ անգամ այն մասով, որը մենք քննարկել ենք։ Ոչ մի հատուկ հիմնադրամներ, զարգացման հիմնադրամներ՝ դա առայժմ քննարկման առարկա չէ նախապատրաստվող պայմանագրում»,- ասել է Շուվալովը։

Հայաստանի` Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին միանալու «ճանապարհային քարտեզը» Մոսկվայում հաստատվել է դեկտեմբերի 24-ին՝ ավելի վաղ։

Ղրղըզստանը Մաքսային միությանը միանալու մտադրության մասին հայտարարել էր դեռ 2011թ.։ Հայաստանն այսպիսի որոշման մասին հայտարարեց 2013թ․ սեպտեմբերին։ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ երեքուկես տարի բանակցելուց հետո Հայաստանը 2013թ. սեպտեմբերի 3-ին նախագահի մակարդակով հայտարարեց, որ որոշել է մտնել Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի Մաքսային միությունը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միությանը։

Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը դեկտեմբերի 16-ին հայտարարել էր, որ իր երկիրը Մաքսային միությանը կմիանա միայն այն դեպքում, եթե կատարվեն Բիշքեկի պահանջները։ Դեկտեմբերի 13-ին Ղրղըզստանի էկոնոմիկայի նախարար Տեմիր Սարիևը հայտարարել էր, որ իր երկիրը մերժել է Մաքսային միությանը միանալու Եվրասիական հանձնաժողովի «ճանապարհային քարտեզի» նախագիծը:

Մեկնաբանել