«Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի` դեկտեմբերի 12-ին կատարած երևանյան այցի վերաբերյալ ընդարձակ հոդված է հրապարակել: Հոդվածը թարգմանաբար և որոշ կրճատումներով ներկայացված է ստորև:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի` Երևան կատարած մեկօրյա այցը թե´ տեղական, թե´ համաշխարհային լրատվամիջոցներում մեծ արձագանք ստացավ: Դավութօղլուի այցը, անկասկած, կարևոր է, քանի որ տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, երբ Հարավային Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված բանակցային գործընթացի հող են փորձում նախապատրաստել: Այցն առանձնահատուկ էր նրանով, որ 2009թ. ի վեր երկու երկրների միջև արտաքին գործերի նախարարների մակարդակով առաջին հանդիպումն էր, իսկ արդյոք այն հասա՞վ իր նպատակին, թե՞ ոչ` մեկնաբանությունները տարատեսակ են: Թեպետ Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրները դրական ուղերձներ են հղում, սակայն իմ տպավորությամբ` Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա եռանկյունում վերոնշյալ դրական զարգացումների հարցում այդքան էլ հեշտ չէ լավատես լինել:
Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրները տեղեկացնում են, որ թե´ ԱՄՆ-ի, թե´ Ռուսաստանի հետ երկար ժամանակ է, ինչ բանակցություններ են վարում Լեռնային Ղարաբաղի հարցով, իսկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` վերջերս Մոսկվա կատարած այցելության ընթացքում բանակցային սեղանին դրված խնդիրներից մեկն էլ Ղարաբաղյան հակամարտությունն է եղել: Արտգործնախարար Դավութօղլուն էլ Երևան ուղևորության ճանապարհին օդանավում լրագրողների հետ զրույցում նշեց, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ հաճախ է հեռախոսով քննարկում այս թեման:
Ղարաբաղյան հարցը 2009թ. արձանագրություններից հետո տեղի ունեցած զարգացումների պատճառով իրապես դարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ամենակարևոր գործոններից մեկը: Սա, անկասկած, Թուրքիայի, ավելի ճիշտ` վարչապետ Թայիփ Էրդողանի ստեղծած թնջուկներից մեկն է, և ակնհայտ է` հեշտ չէ ազատվել այդ թնջուկից:
Այս թնջուկի հետևանքն էր, որ 2009թ. արձանագրություններից հետո Ալևի ռեժիմի սպառնալիքներին տեղի տալով`Թուրքիան սառեցրեց արձանագրությունները, այդ պատճառով էլ այսօր Հայաստանը Թուրքիայի ցանկացած քայլին մեծ կասկածանքով է վերաբերվում:
Մինչ Երևան գալս, իսկ հետո` Երևանում անցկացրած մոտ 10 ժամերի ընթացքում, Հայաստանի իմ գործընկերների` ինձ ամենից շատ ուղղած «Այս այցը թուրքական շոո՞ւ է», «Այս անգամ Դավութօղլուն ի՞նչ խաղեր է խաղալու», «Թուրքերն այս անգամ ի՞նչ դավադիր ծրագիր են մշակել» հարցերը կասկած, անհանգստություն և անվստահություն էին արտահայտում:
Այս կասկածամտության պատճառները, անշուշտ, որոշ չափով պատմական հիմքեր ունեն, սակայն գուշակ պետք չէ լինել հասկանալու համար, որ Հայաստանի` Թուրքիայի ու թուրքերի նկատմամբ վստահության խնդրում պատմական կասկածամտությունից ավելի իր դերն է խաղում արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիայի որդեգրած դիրքորոշումը:
Լավ, ի՞նչ առաջարկով էր Թուրքիան գալիս Հայաստան: Երբ այս հարցը ուղղում էին Դավութօղլուին, արտգործնախարարը թեպետ խուսափում էր մանրամասն տեղեկություններ հաղորդելուց, այդուհանդերձ, նշում էր, որ աշխատում են ոչ միայն հայ-թուրքական սահմանի, այլև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի բացմանը նպաստող մի բանաձևի վրա: Դավութօղլուն, նշելով, որ Ղարաբաղի նման սառեցված հակամարտությունների դեպքում լուծում գտնելը շատ դժվար է, միևնույն ժամանակ` ասում էր, թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը հնարավոր չէ Կովկասում առկա այլ հարցերից ու դերակատարներից անկախ:
Դավութօղլուն բացահայտ չէր հայտարարում, սակայն նրա ասածի ենթատեքստից հասկանալի էր դառնում, որ Թուրքիան պահանջում է Հայաստանից դուրս գալ գոնե Ղարաբաղի շրջակայքի ռազմավարական կարևորություն չունեցող և ներկայում չբնակեցված մեկ կամ երկու շրջանից: Այս պարագայում ակնկալվում է, որ Հայաստանը ոչինչ չի կորցնելու, դրա փոխարեն Ադրբեջանը, իրականում մեծ հաջողություն չունենալով հանդերձ, իրեն երջանիկ է զգալու: Այսպիսով` ստեղծվելու է հայ-թուրքական սահմանը բացելու համար անհրաժեշտ մթնոլորտը:
Ղարաբաղի հակամարտության անլուծելիությունը ոչ միայն խորացնում է Հայաստանի մեկուսացումը, այլև բնական պաշարների շնորհիվ գնալով ուժեղացող Ադրբեջանի համեմատ` մեծացնում է Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից: Մեկուսացման հետ մեկտեղ` տնտեսության լճացման պայմաններում առանց այդ էլ փոքրաթիվ բնակչություն ունեցող Հայաստանի մարդկային ռեսուրսներն ամեն տարի գնալով պակասում են: Այս պայմաններում անհրաժեշտ է, որ Հայաստանը Ղարաբաղի հարցի լուծմանը տանող դուռը կիսաբաց անի:
Գաղտնիք չէ նաև, որ Թուրքիան 2015թ. ընդառաջ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը օրակարգ է բերել` Ցեղասպանության խնդրի վերաբերյալ հնարավոր արտաքին ճնշումը մեղմելու նպատակով:
Այդ ռազմավարության մասին ավելի վաղ հայտարարել էր Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը: Մասնավորապես` «Արդարություն և զարգացում» կուսակցությունը միջազգային ասպարեզում իր խաթարված դիրքերը վերականգնելու և արտաքին քաղաքականության վերջին անհաջողությունները մոռացության մատնելու համար նախընտրելու է զբաղվել համեմատության մեջ ավելի դյուրին թվացող Կիպրոսի և Հայաստանի հարցերով:
Սակայն Դավութօղլուի գործը բավականաչափ դժվարացնում է թե´ Թուրքիայի նկատմամբ գոյություն ունեցող անվստահությունը, թե´ այն, որ Հայաստանում Ղարաբաղի ստատուս-քվոյի հարցում ամենափոքր զիջումն իսկ համարժեք է համարվում հայրենքի դավաճանության: