Քաղաքացիական պլատֆորմը` հօգուտ եվրաինտեգրման

Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը դեկտեմբերի 21-ին հայտարարությամբ է հանդես եկել, որում անդրադառնում է 2013թ. նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում տեղի ունեցած Արևելյան գործընկերության գագաթաժողովին, Հայաստանի` Մաքսային միությանը միանալու որոշմանը և հաստատում իր «վճռականությունը՝ հանդես գալ որպես ՀՀ իշխանությունների ընդդիմախոս՝ Մաքսային միությանն անդամակցելու հարցում»:

Հայտարարությունում, մասնավորապես ասված է. «Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը (ՀԱՊ) Արևելյան գործընկերության (ԱլԳ) վիլնյուսյան գագաթնաժողովը գնահատում է որպես կարևոր իրադարձություն, որը հնարավորություն ընձեռեց «վերանայել իրողությունները», հստակ և համարժեքորեն ձևակերպել ինչպես գործընկեր յուրաքանչյուր երկրի, այնպես էլ Եվրոպական միության ձեռքբերումները, անհաջողությունները, հավակնություններն ու պատասխանատվության աստիճանը:

Գագաթնաժողովը վերջնականապես արձանագրեց ԵՄ հետ Ասոցացման ուղղությամբ ՀՀ վերջին տարիների քաղաքականության ձախողումը: Փաստորեն, հրաժարվելով եվրոպական ինտեգրացիայից և ընտրելով ինտեգրացիոն այլ մոդել՝ Հայաստանը կորցրեց իր պետականությունը նոր որակի բարձրացնելու ամենաակնառու հնարավորությունը և ոտք դրեց իր ինքնիշխանության և ազգային անվտանգության համար իրական սպառնալիքներով լի ուղի: Իշխանությունների այս քայլով խիստ սահմանափակվեցին ժողովրդավարական ինստիտուտների, մարդու իրավունքների և այլ ոլորտներում բարեփոխումների իրականացման հնարավորությունները։

ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը վերստին ընդգծում է.

– ՄՄ-ին միանալու և Եվրասիական միության կազմավորմանը մասնակցելու մտադրությունը և, համապատասխանաբար, ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից հրաժարումը կայացվել է առանց ՀՀ պետական մարմինների հետ պատշաճ համաձայնեցման և հասարակության հետ քննարկումների։

– ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի կողմից Հայաստանի ղեկավարությանը մոտ չորս ամիս շարունակ ուղղված կոչերը՝ սույն հարցը մտցնել Ազգային ժողովի նստաշրջանի օրակարգ, անցկացնել խորհրդարանական լսումներ և քաղաքացիական հասարակությանը ներկայացնել որոշման հիմնավորումները, անտեսվել են։ Հարցի քննարկման նկատմամբ լուրջ շահագրգռություն հանդես չի բերել ոչ միայն իշխող կոալիցիան, այլ օրենսդիր մարմինն՝ ընդհանուր առմամբ։

– Մաքսային միությանը միանալու դեմ սեպտեմբերի 5-ի ակցիայից հետո քաղաքացիական ակտիվիստներ Հայկակ Արշամյանի և Սուրեն Սաղաթելյանի հանդեպ կատարված դաժան բռնարարքի, ինչպես նաև նմանատիպ այլ դեպքերի հետաքննությունն իրականացվում է առանց հանցագործությունների բացահայտման համար անհրաժեշտ միջոցների կիրառման։

– ՀՀ ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված՝ 2013թ. դեկտեմբերի 2-ի ակցիայի մասնակիցների հանդեպ իշխանությունների կողմից կիրառված գործողությունները, մասնավորապես 110 ակտիվիստների ոստիկանության բաժիններ բերման ենթարկելը, աննախադեպ են եղել իրենց անհամաչափությամբ և կոպտորեն սահմանափակել են քաղաքացիների հավաքների և ազատ արտահայտվելու իրավունքները։

– Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման խափանման և ՄՄ ուղղությամբ շարժվելու հետևանքները՝ գազային նվաստացուցիչ պայմանագրերը, իշխանությունների վերահսկողության ներքո գտնվող ԶԼՄ-ների և հատկապես Հանրային հեռուստատեսության եթերում բազմակարծության սահմանափակումները, Հայաստանի պետական լեզվի կարգավիճակի վերանայման և նմանատիպ այլ միտումներն արդեն իսկ մտահոգիչ են։

ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը հայտարարում է, որ՝

– ԱլԳ վիլնյուսյան գագաթնաժողովում Սերժ Սարգսյանի ելույթում հնչած՝ մարդու իրավունքների և օրենքի գերակայության սկզբունքներին հավատարմության հավաստիացումները վերջին իրադարձությունների լույսի ներքո արժանահավատ չեն։

– ՀՀ ղեկավարության վերջին ամիսների պահվածքը ոչ մի կերպ չի համապատասխանում ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի և ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի համատեղ հայտարարությունում տեղ գտած՝ քաղաքացիական հասարակության ամրապնդման կարևորության ճանաչմանը։

– Ոչնչով չի հաստատվում ՀՀ իշխանությունների համաձայնությունը 2013թ. դեկտեմբերի 9-ին Բրյուսելում տեղի ունեցած Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորհրդի 14-րդ նիստից հետո Եվրամիության ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի կատարած այն հայտարարության հետ, որում կարևորվում է ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի դերը բարեփոխումների մոնիտորինգում։

Հաշվի առնելով վերոհիշյալը և ԱլԳ շրջանակում Եվրամիության և Հայաստանի միջև հարաբերությունների հետագա ձևաչափի և բովանդակության վերաբերյալ նոր մոտեցումների մշակման իրողությունը, Հայաստանի ազգային պլատֆորմը ՀՀ ղեկավարությունից պահանջում է մինչև 2014թ. հունվարի վերջն ընկած ժամանակահատվածում մասնակցել ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի նիստին, որի ժամանակ՝

– կոնկրետ հիմնավորումներ ներկայացնել՝ եվրաինտեգրման ուղին եվրասիականով փոխարինելու, Մաքսային միությանը միանալու վերաբերյալ որոշման սահմանադրականության, ինչպես նաև ՀՀ ներկայիս արտաքին քաղաքական ուղղության պարագայում Հայաստանի ինքնիշխանության պահպանման երաշխիքները,

– քննարկել և կոնկրետացնել ՀՀ կառավարության և ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համագործակցության, ներառյալ՝ «կառուցվածքային երկխոսության» գաղափարի և ԵՄ կողմից Հայաստանին բյուջետային աջակցության նկատմամբ վերահսկողության մեխանիզմները։

Նշված պահանջների անտեսումը ՀԱՊ-ը գնահատելու է որպես ՀՀ իշխանությունների կողմից վերջնական հրաժարում քաղաքացիական հասարակության հետ կառուցողական երկխոսությունից և երկրում բարեփոխումներն առաջ տանելու հնարավորությունը կապելու է նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրությունների միջոցով ՀՀ իշխանափոխության հետ։

ԵՄ-Հայաստան հարաբերությունների հնարավոր նոր ձևաչափի հստակեցման պարագայում Եվրամիության կառույցներին կոչ ենք անում՝

– դասեր քաղել նախկին փորձից և Հայաստանի հետ հարաբերությունները կառուցել պարտավորությունների անվերապահ կատարման հիման վրա, բացառելով երկակի ստանդարտների կիրառումը և խստորեն հետևելով «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքին,

– հետևողականություն հանդես բերել բարեփոխումների արդյունավետության գնահատման և, մասնավորապես, Եվրամիության կողմից հատկացված օգնության օգտագործման մոնիտորինգում քաղաքացիական հասարակության իրական ներգրավվածություն հարցերում։

Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը վերահաստատում է իր հավատարմությունը Հայաստանի եվրաինտեգրման տեսլականին և վճռականությունը՝ հանդես գալ որպես ՀՀ իշխանությունների ընդդիմախոս՝ Մաքսային միությանն անդամակցելու հարցում։ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը պատրաստ է օգտագործել իր ամբողջ ներուժը՝ Հայաստանը Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի օրակարգին վերադարձնելու համար: Այդ նպատակով ՀԱՊ-ն իրազեկման լայնածավալ աշխատանք է իրականացնելու և պատրաստ է համագործակցել քաղաքական և քաղաքացիական այն բոլոր կառույցների հետ, որոնք կիսում են ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի մոտեցումներն ու նպատակները»:

Հայաստանը սեպտեմբերի 3-ին նախագահի մակարդակով հայտարարեց, որ երկիրը որոշել է մտնել Մաքսային միություն (Ռուսաստան, Ղազախստան և Բելառուս) և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միությանը: 2013թ. նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակում Հայաստանը ԵՄ-ի հետ չնախաստորագրեց Ասոցացման ու Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերը, որոնց շուրջ մոտ երեք ու կես տարի բանակցել էր Եվրամիության հետ: Դեկտեմբերի 24-ին Մոսկվայում հաստատվեց Հայաստանի` Մաքսային միությանը միանալու և Միասնական տնտեսական տարածքին միանալու «ճանապարհային քարտեզը»:

Մեկնաբանել