Վրաստանի նախագահի աշխատավարձը կկազմի 6900 լարի՝ շուրջ $4000՝ ավելի վաղ նախատեսված 9000 լարիի փոխարեն: Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի մեծամասնության ղեկավար Դավիթ Սագանելիձեն, հաղորդում է «Գրուզիա օնլյանը»: Նրա խոսքով՝ այս որոշումն ընդունել է հենց նախագահը՝ ցանկանալով պահպանել գործող ավանդույթը, ըստ որի՝ նախագահի աշխատավարձը 100 լարիով զիջում է Սահմանադրական և Գերագույն դատարանների նախագահների աշխատավարձին:
Խորհրդարանը հրաժարվել է բարձրացնել դատավորների աշխատավարձը՝ այն թողնելով ներկայիս մակարդակում՝ 7000 լարի: Պայմանավորված այս հանգամանքով՝ Մարգվելաշվիլին որոշել է կրճատել իր աշխատավարձը: Նա առձեռն կստանա 5500 լարի:
Որոշումը կհաստատվի խորհրդարանի կողմից՝ օրենքի երկրորդ ընթերցմամբ:
Վրաստանի պետական գերատեսչություններում ամենաբարձր աշխատավարձը նախարարներինն է՝ 7300 լարի: