Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «Տիգրան Սարգսյանը պատասխան է տալու» վերնագրով հոդված է հրապարակել Zham.am կայքում: Այն ներկայացված է ստորև:
Տիգրան Սարգսյանը ինքնապաշտպանության ամենաանազնիվ ու պրիմիտիվ տարբերակն է ընտրել` շանտաժը: Ցանկացած օբյեկտիվ վերլուծություն տեղում տրանսֆորմացնում է շանտաժի և Բաղրամյան 26-ին օպերատիվ զեկուցում, որ մի խումբ քաղաքական ուժեր ժողովրդին համոզել են, թե՛ ՀՀ քաղաքացին վատ է ապրում, թե՛ երկրում արտագաղթ կա, թե՛ աղքատությունն աճում է վագրային թռիչքներով, թե՛ օտարերկրյա ներդրողները ոչ թե հրաժարվում են Հայաստանում որևէ, գոնե նվազագույն ներդրում անել, որովհետև գործ ունեն «քցող» կառավարության հետ, այլ պարզապես Հայաստանի տեղը չեն գտնում, համոզել են, թե երկրի արտաքին պարտքը հատում է հինգ միլիարդ դոլարի սահմանը և վերջապես` որ այսպես շարունակել չի կարելի: Ու շատնաժը, փաստորեն աշխատում է:
Աշխատում է, քանի դեռ մեր երկրում քաղաքական որոշումները կայացվում են «ինադի» հիմնարար բնազդով, քանի դեռ լրջագույն քաղաքական որոշումները կայացվում են ոչ թե հանուն Հայաստանի Հանրապետության ու Հայաստանի քաղաքացու, այլ ընդդեմ ԲՀԿ-ի ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, ընդդեմ ժողովրդի, ովքեր ասում են` երկիրը կանգնած է կործանման եզրին և հեռու չէ այն օրը, երբ վերջնական անկումը այլևս կասեցնել հնարավոր չի լինելու:
Բայց քանի որ շատնաժն ու դեմագոգիան վերջին էշելոնում վաղուց արդեն դարձել է քաղաքական գործընթացների շարժիչ ուժը, ցանկացած օբյեկտիվ վերլուծություն տեղում որակվում է որպես Տիգրան Սարգսյանի անձնական, ժառանգական, դինաստիական աթոռի վրա հանդուգն հավակնություն:
Որովհետև այդպես ձեռնտու է` քրեական հոդվածի վերաորակավորում, և Տիգրան Սարգսյանը գրեթե համոզված է, որ չի գալու պատասխան տալու ի´ր ժամանակը:
Գալու է: Որևէ մեկը երբևէ չի խուսափել ի´ր բաժին պատասխանատվությունից:
Բացառություններ չեն լինում, եթե անգամ Տիգրան Սարգսյանը վստահ է, որ իր «շուստրի» կարման պատասխանատվությունը շրջանցելու է: Նյուտոնի երրորդ օրենքը որևէ մեկը դեռ չի հակասել:
Ու, վստահեցնում եմ, գալու է պատասխանատվության ժամը`
- Օֆշորային մեծ լվացքի
- Նաիրիտի օքսիդացած հարյուր միլիոնավոր դոլարների
- Հազարամյակի մարտահրավերներ ծրագրով 16.6 միլիոն դոլարի գյուղական լիկբեզի, երբ ընդամենը մեկ շաբաթ առաջ Միացյալ նահանգները բասուտո ցեղին գերադասեց Հայաստանի Հանրապետությունից
- Հայաստանի ոսկու պաշարների բենդերյան ավանտյուրայի
- Մեկ գիշերում ազգային դրամը 25 տոկոսով արժեզրկելու և ժողովրդի ունեցվածքի 25 տոկոսը գրպանելու
- Սպիտակ եղեռնի, ու էլի բազում այլ «հերոսությունների» համար:
Տիգրան Սարգսյանը պատասխան է տալու, և ինչպես ընդունված է նոր քաղաքական մշակույթի լեքսիկոնով` ու վերջ: