ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դեկտեմբերի 26-ին ստորագրել է երկու տարվա համար նախանշված և Հանրապետական ու Դեմկորատական կուսակցությունների բանակցությունների արդյունքներով կազմված բյուջեի նախագիծը։ Ձեռք բերված համաձայնությունները թույլ են տալիս խուսափել 2014թ․ հունվարին պետական հաստատությունների աշխատանքների հերթական դադարեցումից։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Ոչ քիչ վեճերի առիթ հանդիսացած բյուջեի նախագիծն ավելի վաղ հավանություն էր ստացել ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատների կողմից։
Համաձայնությունը պատրաստել էր միջկուսակցական հանձնաժողովը, որը սկսել էր աշխատել բյուջետային հերթական ճգնաժամից հետո․ այս տարվա հոկտեմբերին ԱՄՆ-ի պետական հաստատությունները մասամբ փակվել էին 16 օրով։
Օրինագիծը նախատեսում է 2014թ․ ծախսերի կրճատում $23 մլրդ-ով։ Ընդ որում՝ առաջիկա տասը տարիներին պետական գանձարան մուտքերը պետք է աճեն $85 մլրդ-ով։
Բյուջեի ծախսային մասին ԱՄՆ-ի Կոնգրեսը պետք է հավանություն տա մինչև հունվարի 15-ը։
Դեմոկրատները հավանություն են տվել փաստաթղթում առկա խնայողության միջոցառումներին, որոնք ներառում են երկարաժամկետ գործազրկության նպաստաների վճարման դադարեցում 1,3 մլն ամերիկացիների համար։
Ընդ որում՝ փորձագետների կարծիքով՝ փաստը, որ երկրի քաղաքական երկու ուժերին հաջողվել է մասամբ համաձայնության գալ, ամենևին էլ չի նշանակում, թե Վաշինգտոնում հանրապետականների ու դեմոկրատների միջև փոխըմբռնման դարաշարջան է սկսվում։