Նեոգաղութացման շունչը

Դեկտեմբերի 23-ին Ազգային ժողովը վավերացրեց ««ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը։

Շատ վատ պայմանագիր է: Մեր երկիրը ստորադասում է օտարերկրյա մի ընկերության: Գաղութացման ժամանակները վերադառնում են:

Ժամանակին համալսարանում նեոգաղութացումն ուսումնասիրելիս օրինակ էր բերվում 20-րդ դարի առաջին կեսին Լատինական Ամերիկայում United Fruit Company-ի գործունեությունը: Միշտ մտածում էի՝ ինչպես կարող է ինչ-որ մասնավոր ընկերություն այնքան ուժեղ, ինքնավստահ և հանդուգն լինել, որ կարողանա պետության դեմ դուրս գալ: Ավելին՝ նույնիսկ ավելի մեծ ազդեցիկություն ունենալ, քան պետական կառույցները, Հոնդուրասում, Կուբայում, Կոլումբիայում իշխանություններ գահընկեց անել իր քաղաքականությանը հակառակ գործելու համար, իսկ Գվատեմալայում նույնիսկ ներխուժում կազմակերպվել, որը 1954թ. իշխանության բերեց United Fruit Company-ի շահերին համապատասխան հերթական խամաճիկ նախագահին:

Գաբրիել Գարսիա Մարքեսի «Մենության հարյուր տարին» գրքում նկարագրված հրապարակում հավաքված բնակչության գնդակահարումը նույնպես ունի պատմական նախատիպ՝ Կոլումբիայում 1928 թ. դեկտեմբերի 6-ին նեոգաղութացման շրջանակում տեղի ունեցած «բանանային կոտորածը»:

Ընդհանրապես, նեոգաղութացման բազմաթիվ նման օրինակներ են եղել նաև այլ տարածաշրջաններում՝ ամերիկյան նավթային հսկաների տիրապետությունը Մերձավոր Արևելքի երկրներում, ֆրանսիական շոկոլադային ընկերությունների ակտիվությունը Աֆրիկայում:

1990-ականների վերջին՝ իմ ուսանողական տարիներին, նորանկախ Հայաստանի քաղաքացու մտքով չէր կարող անցնել, որ մի օր այս նեոգաղութացումն իր երկրին էլ կսպառնա:

Բայց ցանկացած պայմանագիր իր ժամանակն է արտացոլում: Այսօր այն միգուցե ստեղծված իրավիճակում միակ լուծումն է: Հետևաբար, համաձայն չեմ նաև ապոկալիպտիկ դատողությունների ու կարծիքների հետ: Ընդամենը պետք է հայացք գցել պատմությանը: Եվ հենց ապագաղութացման ամբողջ պատմությունը մեզ ճանապարհ է ցույց տալիս: Ազգայնացում կոչվածը ոչ ոք չի բացառել:

1956թ. հուլիսի 26-ին Եգիպտոսի նախագահ Գամալ Աբդել Նասերը Ալեքսանդրիա քաղաքում հանրահավաքի ժամանակ բոլորի համար անակնկալ հայտարարություն հնչեցրեց: Սուեզի ջրանցքն ազգայնացվում էր և հանձնվում եգիպտացի ժողովրդին: Մինչև ազգայնացվելն այն պատկանում էր անգլո-ֆրանսիական Սուեզի ջրանցքի ընկերությանը, որը հսկայական շահույթ էր ապահովում՝ շահագործելով Հնդկական օվկիանոսից դեպի Ատլանտյան ամենակարճ ճանապարհը: Այն պահին, երբ Նասերը հռչակում էր ջրանցքը եգիպտացի ժողովրդի իշխանությանը փոխանցելու մասին, Եգիպտոսի բանակը զբաղեցնում էր Սուեզի ամենակարևոր կետերը: Հետո, իհարկե, Եգիպտոսը ստիպված եղավ դիմագրավել եռակողմ՝ Ֆրանսիայի, Բրիտանիայի և Իսրայելի ագրեսիային, սակայն ինքնիշխանությունը արժեր զոհեր։

Համոզված եմ՝ կգա ուժեղ Հայաստանը, ու նման պայմանագիրը դուրս կշպրտվի պատմության աղբարկղ: Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու:

Մեկնաբանել