Վարդան Պետրոսյանի ձերբակալման որոշումը կվիճարկվի

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում հունվարի 8-ին` ժամը 16:00-ին, կվիճարկվի դերասան Վարդան Պետրոսյանի ձերբակալման որոշումը: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը` հավելելով, որ Վերաքննիչ դատարանում կբողոքարկվի նաև Պետրոսյանի երկամսյա կալանքը երկարաձգելու որոշումը:

«Դատարանի որոշման մեջ այնպիսի հանգամանք ենք հայտնաբերել, որը հիմք է ոչ թե Վարդան Պետրոսյանին ազատ արձակելու և այդ որոշումը ապօրինի անվանելու համար, այլև դատավորին աշխատանքից ազատելու համար»,- ասաց փաստաբանը:

Ըստ Նիկոլայ Բաղդասարյանի` դատարանի որոշման բովանդակությունից երևում է, որ մինչև դատական նիստը դատավորը հանդիպել է քննիչի հետ և նրանից ստացել դատական որոշման էլեկտրոնային տարբերակը:

«Քննիչի միջնորդության և դատավորի որոշման մեջ նույնաբովանդակ տառասխալներ, կետադրական և տեխնիկական սխալներ են նկատվել»,- ասաց Բաղդասարյանը` հավելելով, որ որոշումը ոչ թե դատավորն է գրել, այլ` քննիչը:

Փաստաբանի խոսքով` դատավորը չէր կարող գրել մի որոշում, որը բոլոր սխալներով համընկներ քննիչի միջնորդության հետ:

Բաղդասարյանը տեղեկացրեց, որ պահանջելու է պատասխանատվության ենթարկել դատավորին:

«Դիմելու եմ արդարադատության նախարարին, արդարադատության խորհրդին` կարգապահական վարույթ սկսելու համար, նաև Մարդու իրավունքների պաշտպանին»,- ասաց Բաղդասարյանը` հավելելով, որ իր անձնական դիտարկումներով` դատավորները միջդատական վարույթում դատական վերահսկողություն իրականացնելիս 99%-ով բավարարում են քննիչների նմանատիպ միջնորդությունները:

«Այսինքն` միջդատական վարույթում մարդու իրավունքները որևէ ձևով պաշտպանված չեն»,- ասաց փաստաբանը` նշելով, որ Վարդան Պետրոսյանի գործը այն հնչեղության գործերից է, որը պետք է ամեն գնով օգտագործվի` խախտումները բացահայտելու համար:

Եղվարդ-Երևան ավտոճանապարհին հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել` երկու մարդու մահվան ելքով: Վթարի ենթարկվածների թվում էր Վարդան Պետրոսյանը: Նա տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն և վիրահատվել: Նոյեմբերի 6-ին ոստիկանության նախաքննական մարմինը Վարդան Պետրոսյանին ձերբակալելու որոշում էր կայացրել: Նոյեմբերի 9-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Վարդան Պետրոսյանի համար խափանման միջոց էր ընտրել կալանքը, և նրան տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Նոյեմբերի 18-ին դերասանը տեղափոխել էր «Քանկոր» սիրտանոթային բժշկության կենտրոն:

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը նոյեմբերի 17-ին Ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել, որում կոչ էր արել օնլայն միջնորդագիր ստորագրել` ի պաշտպանություն Վարդան Պետրոսյանի: Դեկտեմբերի 30-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ևս երկու ամսով երկարաձգել էր Պետրոսյանի խափանման միջոցը:

Մեկնաբանել