Դատաբժշկական եզրակացության համաձայն` Շանթ Հարությունյանը մեղսունակ է. փաստաբան

«Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի գործով դատաբժշկական եզրակացությունը պատրաստ է. այս մասին հունվարի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը` նշելով, որ իրեն այդ մասին հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացրել է վարույթ իրականացնող քննիչը:

«Մենք դեռ չենք ստացել եզրակացությունը, սակայն քննիչի խոսքով` եզրակացությունում նշված է, որ Շանթ Հարությունյանը մեղսունակ է»,- ասաց փաստաբանը` հավելելով, որ եզրակացությունն առաջիկա 10 օրում իրենց էլ կտրամադրեն:

Շանթ Հարությունյանը հունվարի 10-ին դադարեցրել է դեկտեմբերի 24-ից սկսած հացադուլը: Ինեսսա Պետրոսյանը նշեց, մեկ ժամից ավելի սպասել է` հացադուլից հետո Հարությունյանին հանդիպելու համար:

«Վերջինս շատ վատ վիճակում է եղել, ուշաթափություն է ունեցել: Հացադուլից հետո նրան դիետիկ սնունդ առաջարկելու փոխարեն` սովորական սնունդ են տվել: Եվ այդ պատճառով էլ վատ է իրեն զգացել»,- ասաց Պետրոսյանը` հավելելով, որ հանդիպմանը նա գունատ էր և դժգոհ էր տեղափոխությունից, «քանի որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔՀԿ-ում անմարդկային պայմաններ են, և ջեռուցում չկա»:

Փաստաբանը նշեց, որ Հարությունյանը հացադուլը դադարեցրել է` հետևելով իր հորդորներին, քանի որ նրա առողջական վիճակը «շատ վատ էր»: Նա նաև տեղեկացրեց, որ հունվարի 8-ին Վերաքննիչ դատարանը մերժել է խափանման միջոցը երկարացնելու որոշման դեմ բողոքը:

Ինեսսա Պետրոսյանի խոսքով` Շանթ Հարությունյանի նկատմամբ իրականացվող գործողություններն «անօրինական են, քանի որ բացակայում է հանցակազմը»:

«Շանթ Հարությունյանի դիմումը` հարազատների հետ տեսակցելու արգելքը վերացնելու վերաբերյալ, նույնպես դեռ գրավոր պատասխան չի ստացել, և հիմնավորում չկա, թե ինչու են արգելել»,- տեղեկացրեց փաստաբանը` հավելելով, որ մտադիր են բացարկ ներկայացնել նաև քննիչին:

Նոյեմբերի 5-ի երեկոյան Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի հետևանքով բերման ենթարկված Շանթ Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը: Նրան մեղադրանք էր առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով: Նոյեմբերի 19-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ դատական նիստում բավարարել էր քննիչի միջնորդությունը` Շանթ Հարությունյանի նկատմամբ կիրառելով դատահոգեբուժական փորձաքննություն: Նոյեմբերի 20-ին նա տեղափոխվել էր «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկա, իսկ դեկտեմբերի 10-ին` «Երևան-Կենտրոն» ՔԿՀ:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը մերժել էր Շանթ Հարությունյանի դիմումը` հարազատների կողմից իրեն տեսակցելու արգելանքի վերացման վերաբերյալ:

Մեկնաբանել