«Դեմ եմ պարտադիրին» նախաձեռնութունը հունվարի 18-ին հրավիրում է հավաք-երթի

«Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնությունը Dem.am կայքում հաղորդագրություն է տարածել, որում տեղեկացնում է Ազատության հրապարակում հունվարի 18-ին՝ ժամը 14:00-ին, հավաք-երթի անցկացման մասին: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է.

«Ինչպես հայտնի է, ԱԺ 4 խմբակցություններ դիմել են Սամանադրական դատարան՝ օրենքը հակասահմանադրական ճանաչելու պահանջով և մինչև ՍԴ-ի վճիռ կայացնելը օրենքը կասեցնելու միջնորդությամբ: ՍԴ-ը մինչև հունվարի 25-ը պետք է որոշում կայացնի միջնորդության վերաբերյալ:

Հավաք-երթի նպատակներն են.
1. Եվս մեկ անգամ իրազեկել հանրությանը օրենքի հակասահամադրականության, հակասոցիալական կետերի մասին,
2. Ցույց տալ ՀՀ ղեկավար մարմիններին մեր համախմբվածությունը, կազմակերպվածությունը, պայքարելու պատրաստակամությունն ու վճռականությունը,
3. ՍԴ-ից պահանջել կասեցնել, այնուհետև հակասահմանադրական ճանաչել օրենքը:

Հավաքի ավարտից հետո կմեկնարկի երթը հետևյալ նախնական երթուղով.
Ազատության Հրապարակ-Հյուսիսային Պողոտա-Աբովյան Փողոց-Ամիրյան Փողոց-Մաշտոցի Պողոտա-Ազատության Հրապարակ:

Կոչ ենք անում բոլոր մտահոգ քաղաքացիներին և ուժերին մասնակցել հավաք-երթին հանուն մեր իրավունքների ու ՀՀ Սահմանդրության պաշտպանության»:

Դեկտեմբերի 17-ին «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» քաղաքացիական նախաձեռնությունը և ԱԺ չորս խմբակցությունների ներկայացուցիչները Ազատության հրապարակից երթ էին նախաձեռնել դեպի Սահմանադրական դատարան և հանձնել իրենց հայտարարությունը:

Դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովը դեմ քվեարկեց կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառումը մեկ տարով հետաձգելու առաջարկությանը: Միաժամանակ` շուրջ 400-500 քաղաքացիներ բողոքի ակցիա կազմակերպեցին ԱԺ շենքի դիմաց: Նրանք երթով շարժվեցին դեպի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, այնուհետև` կառավարության շենք:

Դեկտեմբերի 5-ին էլ «Դեմ եմ ՀՀ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» նախաձեռնությունը Մարզահամերգային համալիրի մոտից մեքենաներով բողոքի երթ-ակցիա կազմակերպեց կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ: Դեկտեմբերի 7-ին էլ ակցիան կազմակերպվեց հեծանիվներով, իսկ դեկտեմբերի 14-ին`Ձմեռ պապի հագուստներով:

Նոր կենսաթոշակային համակարգի շահառուները կլինեն 1974թ. հետո ծնված քաղաքացիները: Կենսաթոշակային համակարգի մասնակիցների գումարները կուտակվելու են կենսաթոշակաին ֆոնդում, որը կառավարվելու է ֆոնդի կառավարիչների միջոցով:

Այն քաղաքացիները, որոնց աշխատավարձը չի գերազանցում 500 հազ. դրամը, կենսաթոշակ կկուտակեն իրենց աշխատավարձի 5%-ի չափով. պետությունը, իր հերթին, փոխանցում կկատարի 5%-ի չափով: Այն քաղաքացիներին, որոնց աշխատավարձը գերազանցում է 500 հազ., պետությունը կփոխանցի 25 հազ. դրամ, իսկ քաղաքացին յուրաքանչյուր ամիս կկուտակի այնքան, որ իր և պետության կուտակումը կազմի աշխատավարձի 10%-ը:

Մեկնաբանել