Հովհաննես Մելքոնյանը անցյալ դարի 60-ականներին գրական ասպարեզ իջած հայ արվեստագետների սերնդի այն ներկայացուցիչն էր, ով իր թողած ժառանգությամբ նպաստեց մեր գրականության մեջ հայրենասիրական թեմատիկայի զարգացմանն ու խորացմանը:
«Մեր ծերունազարդ պատմության մեջ քիչ ժամանակներ են եղել, երբ աստվածային վսեմությունը և դիվական նսեմությունը, հերոսությունն ու հոնությունը, հայրենասիրությունն ու հանցասիրությունը, անձնուրացությունն ու ավազակությունը, սրբապաշտությունն ու սատանայապաշտությունն իրար այսքան մերձ, մոտ ու միահյուսված լինեն, ինչպես եղան անկախությանը հաջորդած այս տարիներին»:
Հովհաննես Մելքոնյանի այս խոսքերի տակ այսօր շատերը կստորագրեին: Ու հատկապես նրանք, ովքեր ծանրութեթև են արել անկախության շրջանի մեր ձեռքբերումներն ու կորուստները, կողք-կողքի դրել ու համակշռել դրա լուսավոր ու ստվերոտ կողմերը: Անվանի գրող-հրապարակախոսն իր բազմաթիվ հոդվածներում ու գեղարվեստական գործերում քննախույզ հայացքի տակ է առել մեր «ծերունազարդ պատմության», նաև մյուս բեկումնային ու ճակատագրական դրվագները և, հատկապես, «հայի ու հայոց ամենամեծ ցավը հանդիսացող» 1915-ի Մեծ եղեռնը:
Նրա գրական ոճին հատուկ էր վավերականի ու գեղարվեստականի միահյուսումը, դրանց մելքոնյանական ինքնատիպ համադրությունը: Նա անցյալ դարի 60-ականներին գրական ասպարեզ իջած հայ արվեստագետների սերնդի այն ներկայացուցիչն էր, ով իր թողած ժառանգությամբ նպաստեց մեր գրականության մեջ հայրենասիրական թեմատիկայի զարգացմանն ու խորացմանը: Պատերազմական և հետպատերազմյան թեմաներով նրա գրած պատմվածքներն ու վիպակները, հատկապես «Հեծանիվ» ստեղծագործությունը, նոր նշաձող հաստատեցին հայ գեղարվեստական արձակում:
Նշված վիպակի առնչությամբ է նշանավոր գրող Մուշեղ Գալշոյանը գրել հետևյալ տողերը. «Վիպակի բոլոր հերոսները մեր հաղթած բանակի պարտված զինվորներն էին: Իսկական պատերազմը սվինների ծայրին չէ, այլ հրացանակիր մարդու հոգու մեջ: Ամենաիսկական պատերազմը կռվի դաշտերից շատ է հեռու. դրա էությունը զգում են ռազմաճակատ նամակ ուղարկողները»:
Հովհաննես Մելքոնյանը գրականություն բերեց ժամանակակից մարդուն, խորամուխ եղավ վերջինիս հոգու գաղտնարանների մեջ և հայտնաբերեց ու բացահայտեց մաշկազերծ իրականության ներքին ու անտեսանելի բազում շերտեր: Ու դառնացավ՝ տեսնելով, որ «Աշխարհում մուրը շատացել է», և այն սրբելու առաքելությանը ձեռնամուխ եղավ իր գրական հունձքով:
Հովհաննես Մելքոնյանի գրական ձիրքն ու անուրանալի տաղանդը բարձր գնահատեցին նաև ժամանակի մեր գրական երկու մեծերը՝ Պարույր Սևակն ու Հովհաննես Շիրազը: Վերջինս մի առիթով նրան համարել է նախախնամության կամքով իր գործը կիսատ թողած Բակունցի հետևորդ ու շարունակող, մեկ այլ տեղ էլ՝ նրան բնութագրել իբրև «նորօրյա հայ Գոգոլ»:
Պիտի խոստովանել, սակայն, որ մեր գրաքննադատությունը պատշաճ կերպով չգնահատեց Հովհաննես Մելքոնյանի բերած գրական ավանդը, ուստի վերջերս Երևանում լույս տեսած «Բառակերտ հուշարձան Հովհաննես Մելքոնյանին» հուշերի գիրքը գալիս է մասամբ լրացնելու այդ բացը և հաստատելու նրա տեղն ու դերը ժամանակակից հայ գրաշխարհում: Գրքի էջերում թել առ թել հյուսվում է գրողի և գրական գործչի կենդանի կերպարը, երևան հանվում նրա ստեղծագործական վառ անհատականության գծերը:
Գեղարվեստական ակնարկներից է Հովհաննես Մելքոնյանը սահուն անցում կատարել գեղարվեստական արձակին: Աշխատել է «Ավանգարդ» և «Հայրենիքի ձայն» թերթերում, իսկ 1972-1974 թթ. եղել «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ: Հուշերից պարզ է դառնում, որ փորձառու գրողի աչքից չեն վրիպել գրականություն նոր-նոր մուտք գործողների հաջողությունները. նա անկեղծ ուրախացել է իր երիտասարդ գրչընկերների ձեռքբերումներով ու ամեն կերպ խրախուսել ու քաջալերել է նրանց: Միաժամանակ անհաշտ է եղել գրական միջակությունների և «չեզոք դիրքի» գրողների նկատմամբ՝ նրանցից հարգանք պահանջելով նորին մեծություն բառի և գրողական շիտակ կեցվածքի հանդեպ։ Հենց այդ մտահոգությունները նրան տարան-հանգեցրին Հայ գրողների միություն ստեղծելու գաղափարին, որի նախագահն էր մինչև իր ողբերգական մահվան օրը՝ 2009թ. դեկտեմբերի 6-ը:
Ով անցած դարավերջին եղել է Ազգային գրադարանի գիտական ընթերցասրահի ընթերցող, անպայման կհիշի Հովհաննես Մելքոնյանին, որն իր մշտական տեղն ուներ այդ սրահում: Օրվա առաջին կեսին նա փաստանյութ էր հավաքում իր ապագա ստեղծագործությունների համար, իսկ երկրորդ կեսին դառնում երևանյան բոհեմի կենտրոնաձիգ ուժ՝ մի անբացատրելի ձգողականությամբ իր շուրջը համախմբելով ավագ ու երիտասարդ արվեստագետների: Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը, երանությամբ հիշելով երևանյան այդ իմաստալից երեկոները, գրում է. «Վերջում մնում էին միայն նրանք, ովքեր պիտի մնային, որովհետև նրանց խոսք ու զրույցով էր օրվա գրական դիպաշարը սկսվում, շարունակվում և ավարտվում»:
Հուշերի ներկայացվող գրքի կազմող և խմբագիր Ռուբեն Հովհաննեսի Մելքոնյանը երկու առանցքներ է մատնանշում գրողի ստեղծագործության մեջ. մեկը՝ հայրենի Մուշն իր Ցրոնք բնակավայրով և մյուսը՝ հոր պաշտամունքը: Բանն այն է, որ ապագա գրողի հայրը չի վերադարձել Երկրորդ համաշխարհայինից, և անհայր մանկությունն իր դրոշմն է դրել նրա ողջ ստեղծագործության վրա:
Մի առիթով Հովհաննես Մելքոնյանն ասել է. «Ես ինչ գրում եմ, այդ բոլորը զրույց է հորս հետ»: Նրա «Քառասունվեց թվականը» գործը գրականագետներն իրավամբ համարում են պատերազմի և հատկապես դրան հաջորդած ժամանակաշրջանի մասին պատմող մի եզակի գլուխգործոց թիկունքում ապրված կյանքի, չավարտվող մարդկային մորմոքների և զինվորի հոգում շարունակվող պատերազմի մասին:
Ներկա հուշագրության կազմողը մի անակնկալ էլ է մատուցել ընթերցողին՝ գրքի վերջում երկխոսության ձևով ներկայացնելով Հովհաննես Մելքոնյանի և Մուշեղ Գալշոյանի 20 նամակները: Վերջիններս ունենալով գրականագիտական արժեք՝ միաժամանակ խտացնում են երկու հայ գրողների մտորումներն ու խոհերը արդի հայ գրական ընթացքի և դրան առնչվող խնդիրների մասին:
Այս փոքրիկ գրախոսականն ավարտենք Հովհաննես Մելքոնյանի մասին օրերս մահկանացուն կնքած մեր լավագույն գրողներից մեկի՝ Լևոն Խեչոյանի հետևյալ խոսքով. «Մելքոնյանի որևէ ստեղծագործության մեջ ո՛չ կերպարները, ո՛չ գաղափարախոսությունը, ո՛չ էլ կոմպոզիցիան չեն պարտադրվում. վերջում ինքդ քո մտորումների խորքում՝ սրբերի և սատանաների, լույս ու ստվերի, տաք ու պաղի, մեղավոր-անմեղի, լռության և աղմուկի, կույս ու անառակի, տեսանողի և կույրի հետ մասնակցություն ես ունենում երկրագնդի վրա մենակության մատնված մարդու մահկանացու լինելու ողբերգական ճակատագրին: Ու կարծես այդ ամենը քո կյանքի վերջավոր անվերջությունն է դառնում»:
Լևոն Լաճիկյան