1954թ. Մալաթիա քաղաքում սեբաստացի ծնողների ընտանիքում ծնված թրքահայ նշանավոր լրագրող, հրապարակախոս Հրանտ Դինքը սպանվեց 2007թ. հունվարի 19-ին: Յոթ տարի առաջ հետևից գլխին արձակած կրակոցից սպանված «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Դինքը, չնայած մահվան սպառնալիքներին, ակտիվ գործունեություն էր ծավալում, խոսում Հայոց ցեղասպանության խնդրի և Թուրքիայի հայ համայնքի իրավունքների մասին:
Նրա հուղարկավորությունն անսպասելիորեն վերածվում է բազմահազարանոց ցույցի, իսկ Դինքը դառնում է ազատության ու մարդու իրավունքների պաշտպանության խորհրդանիշ: Սակայն հինգ տարի ընթացող դատավարությունից հետո` 2012թ. հունվարի 17-ին հրապարակված դատավճռի համաձայն՝ Դինքի սպանության հետևում որևէ հանցավոր խմբավորում կանգնած չէ, ինչի հետ համակարծիք չեն Դինքի փաստաբանները, ընտանիքը և Թուրքիայի ժողովրդավարացման հաստաման և հայատյացության դեմ պայքարող բոլոր մարդիկ:
2013թ. հունվարին Թուրքիայի հանրապետական դատախազությունը Դինքի գործով դատավճիռը չեղյալ հայտարարեց, և նոր դատավարություն սկսվեց: Դինքի ընտանիքի անդամները չեն հավատում թուրքական դատարանի արդարությանը և չեն մասնակցում նիստերին:
ՍիվիլՆեթը Հրանտ Դինքի մահվան յոթերորդ տարելիցի կապակցությամբ շարունակում է հիշել ու հիշատակել Հրանտին ու նրա գործը: Այս օրերին կարող եք հետևել ՍիվիլՆեթի աշխատանքին և ծանոթանալ Դինքի կյանքի, սպանության և դատավարության մանրամասներին: