Երիտասարդ հայ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը հունվարի 18-ին Վիեննայում արժանացել է շվեյցարական Credit Suisse բանկի կողմից տրամադրվող «Լավագույն երիտասարդ երաժիշտ» (Young Artist Award 2014) մրցանակին: Ինչպես հաղորդում է Musicofarmenia.com-ը, մրցանակը հանձնել է Լյուցեռնի փառատոնի գործադիր և գեղարվեստական ղեկավար Մայքլ Հեֆլիգերը:
Մրցանակը կազմում է 75 հազ. շվեյցարական ֆրանկ (€60,7 հազ.) և համարվում է այս ոլորտի ամենաբարձր պարգևներից մեկը: Մրցանակը նախատեսում է նաև, որ 28-ամյա հայ ջութակահարը պետք է մասնակցի Լյուցեռնի փառատոնի Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին, որը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին` դիրիժոր Գուստավո Դուդամելի գլխավորությամբ:
Սերգեյ Խաչատրյանը ծնվել է 1985թ. Երևանում։ 1993-ից ընտանիքը հաստատվել է Գերմանիայում։ Ջութակ նվագել սկսել է վեց տարեկանից` պրոֆեսոր Պետրոս Հայկազյանի դասարանում։ Ինը տարեկանում Սերգեյ Խաչատրյանն առաջին անգամ հանդես է եկել որպես մենակատար սիմֆոնիկ նվագախմբի հետ։ 2000թ. Սերգեյ Խաչատրյանը Յան Սիբելիուսի անվան ջութակահարների մրցույթում արժանացել է առաջին մրցանակի։ 2005թ. Բրյուսելի «Թագուհի Էլիզաբեթ» երաժշտական միջազգային մրցույթում ջութակահարն արժանացել է առաջին՝ Թագուհու մրցանակի, և չորս տարով ստացել 1704թ. Ստրադիվարիուս ջութակ: