Զրահատեխնիկա Կիևի փողոցներում. բախումները չեն դադարում

Լուսանկարը` Unian.ua-ից

Կիևի «Դինամո» մարզադաշտի հարակից տարածք հունվարի 22-ին զրահատեխնիկա է բերվել: Ինչպես հաղորդում է ուկրաինական Unian գործակալությունը, տարածքում զգալի թվով հատուկջոկատայիններ և ներքին գործերի նախարարության մարտիկներ կան:

Ականատեսների խոսքով՝ տեխնիկան բերվել է Գրուշևսկի փողոցի բարիկադները քանդելու նպատակով:

Ընդդիմադիր «Բատկիվշչինա» կուսակցության անդամ, ազգային դիմադրության շտաբի համակարգող Ալեքսանդր Տուրչինովը կանանց և երեխաներին կոչ է արել հեռու մնալ Եվրամայդանից՝ պայմանավորված իրադրության սրմամբ:

Ուկրաինայի կառավարությունը փոփոխություններ է կատարել հասարակական կարգի պահպանման պայմաններում հատուկ միջոցների կիրառման կանոնների մեջ՝ թույլ տալով ներքին գործերի ստորաբաժանումներին օգտագործել ջրաշիթ զրոյից ցածր ջերմաստիճանի դեպքում:

Փողոցային մարտերը Կիևում վերսկսվել են հունվարի 19-ից: Բախումների հետևանքով, տարբեր աղբյուրների հաղորդմամբ, զոհվել է երեքից չորս մարդ: Զոհերի թվում է նաև հայազգի, Ուկրաինայի քաղաքացի Սերգեյ Նիգոյանը:

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը քննադատել է Կիևում ծավալվող իրադարձությունները: «Ես վճռականորեն դատապարտում են գիշերը Կիևում բռնության գործողությունների սրացումը, ինչը հանգեցրել է զոհերի… Բռնությունը պետք է անմիջապես դադարեցվի, և բռնության կիրառման բոլոր դեպքերը պետք է անմիջապես ուսումնասիրվեն»:

Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն ևս քննադատել է Կիևի բախումները:

«Մենք քննադատում ենք բռնության և ուժի կիրառման վերջին դեպքերը և երկու կողմերին զսպվածության կոչ անում` ձեռնարկելու քայլեր, որոնք կօգնեն իրադրության լարվածության թուլացմանը: Ես ցանկանում եմ հստակորեն ընդգծել Ուկրաինայի իշխանությունների պատասխանատվությունը, որպեսզի նրանք քայլեր ձեռնարկեն ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ և իսկական երկխոսություն սկսեն ընդդիմության հետ` ճգնաժամից ելքեր փնտրելու շուրջ»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը ևս կոչ է արել կողմերին քաղաքական երկխոսություն սկսել:

«Ինձ խորապես անհանգստացնում են Ուկրաինայում տեղի ունեցող դրամատիկ իրադարձություններն ու Կիևում մի քանի մարդկանց մահվան մասին լուրերը»,- ասել է Ռասմուսենը` հավելելով, որ«բռնությունը երբևէ չի կարող քաղաքական ճգնաժամի պատասխան լինել»,- ասել է Ռասմուսենը:

Կիևի կենտրոնում և Ուկրաինայի այլ քաղաքներում եվրաինտեգրման աջակիցների ցույցերը չեն դադարում այն բանից հետո, ինչ 2013թ․ նոյեմբերի 21-ին նախարարների կաբինետը հայտարարեց, որ դադարեցնում է Եվրամիության հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը։ Զուգահեռ տեղի են ունենում նաև իշխանությունները կողմնակիցների ակցիաները:

Կիևից ուղիղ հեռարձակումը` այստեղ:

Մեկնաբանել