Կառավարությունը կսուբսիդավորի սոցիալապես խոցելի խավերի գազի գինը. գործադիրի հունվարի 23-ի նիստին այս մասին ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Վարչապետի խոսքով` նախորդ երկու տարիների ընթացքում սոցիալապես խոցելի խավերը մինչև 300 խմ գազի դիմաց վճարում էին 100 դրամ, և կառավարությունը սուբսիդավորում էր գնի մնացած 32 դրամը: Ըստ գործադիրի ղեկավարի` այս տարի էլ սոցիալապես խոցելի խավի ներկայացուցիչները կվճարեն նույն 100 դրամը, ինչը նշանակում է, որ գազի ներկայիս 156 դրամ/1 խմ գնի 56 դրամը կվճարի կառավարությունը:
Տիգրան Սարգսյանը էներգետիկայի և բնական պաշարների ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին հանձնարարեց մեկ շաբաթվա ընթացքում պատրաստել համապատասխան որոշումը և ներկայացնել կառավարության հաստատմանը:
Գործադիրը 2013թ. մարտին 142 մլն դրամ էր հատկացրել «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին` որպես ՀՀ-ի անապահով ընտանիքների կողմից 2012թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին սպառված բնական գազի համապատասխան քանակության համար մասնակի փոխհատուցման գումարի վճարում։ Եվս 70,5 մլն դրամ էր տրամադրվել «Հայռուսգազարդին»` որպես ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների կողմից 2013թ. հունվար-մարտին սպառված բնական գազի համապատասխան քանակության համար մասնակի փոխհատուցում։