Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուին խոստացել է Ուկրաինայում արտակարգ դրություն չսահմանել։
Ինչպես հաղորդում է ուկրաինական «Ունիան» գործակալության թղթակիցը Բրյուսելում, այս մասին հունվարի 23-ին ճեպազրույցին հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Օլիվիե Բային՝ լրագրողներին տեղեկացնելով Բարոզու-Յանուկովիչ հեռախոսազրույցի մասին։
«Նախագահ Յանուկովիչն ասել է, որ Ուկրաինայում արտակարգ դրության սահմանում չի նախատեսվում»,- ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը։
Հեռախոսազրույցի ընթացքում Բարոզուն նաև «խոր մտահոգություն է հայտնել դեպքերի զարգացման, լրագրողների վրա հարձակումների և անհետ կորածների մասին հաղորդումների կապակցությամբ», ասել է Բային։
«Ունիանը» հաղորդում է, որ ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, թե հավաքվում են ժողովրդական պատգամավորների ստորագրություններ խորհրդարանի արտահերթ նիստի անցկացման համար՝ Ուկրաինայում արտակարգ դրություն սահմանելու նպատակով։
Ավելի ուշ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Կլյուևը բացառել էր արտակարգ դրություն մտցնելու հավանականությունը։
Կիևի կենտրոնում և Ուկրաինայի այլ քաղաքներում եվրաինտեգրման աջակիցների ցույցերը չեն դադարում այն բանից հետո, ինչ 2013թ․ նոյեմբերի 21-ին նախարարների կաբինետը հայտարարեց, որ դադարեցնում է Եվրամիության հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը։ Զուգահեռ տեղի են ունենում նաև իշխանությունները կողմնակիցների ակցիաները։
Փողոցային մարտերը Կիևում վերսկսվել են հունվարի 19-ից։ Բախումների հետևանքով, տարբեր աղբյուրների հաղորդմամբ, զոհվել է երեքից չորս մարդ: Զոհերի թվում է նաև հայազգի, Ուկրաինայի քաղաքացի Սերգեյ Նիգոյանը։
Հունվարի 22-ի երեկոյան ընդդիմադիր «ՈՒԴԱՌ» (Բարեփոխումների ուկրաինական ժողովրդավարական դաշինք) կուսակցության առաջնորդ, բռնքամարտիկ Վիտալի Կլիչկոն հայտարարություն է տարածել, որում ներկայացրել է հետևյալ պահանջները՝ Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստի հրավիրում; սկսել Յանուկովիչի վարչախմբի կողմից մարդկության դեմ գործված հանցագործություների քննություն; Յանուկովիչի վարչակազմի բոլոր անդամների սեփականության և ակտիվների սառեցում; 24-ժամյա վերջնագիր օլիգարխներին՝ մերժել վարչախմբին աջակցելը և անցնել ժողովրդի կողմը: Այլապես, նրանք մաս կկազմեն վարչախմբի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Ընդդիմության մեկ այլ առաջնորդ՝ «Բատկիվշչինա» կուսակցության խորհրդարանական խմբակցության զեկավար Արսենի Յացենյուկը հունվարի 22-ին իր հերթին հայտարարել է․ «Մեզ մնացել է 24 ժամ՝ փրկելու մարդկանց կյանքերը։ Ես ամոթով չեմ ապրելու։ Վաղը առաջ ենք գնում»։ Յացենյուկի խոսքով՝ այդ 24 ժամվա ընթացքում Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը պետք է լուծարի կառավարությունը և ինքն էլ լքի իր պաշտոնը՝ հայտարարելով վաղաժամ ընտրություններ։
BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ Կիևում ոստիկանության և ցուցարարների միջև բախումները հունվարի 23-ին շարունակվում են։ Վիտալի Կլիչկոն տեղեկացրել է, որ «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման աշխատակիցների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն ուժային դիմակայությունը մինչև հունվարի 23-ի ժամը 20։00-ն, այսինքն՝ մինչև ընդդիմության առաջնորդների՝ Վիկտոր Յանուկովիչի հետ բանակցությունների երկրորդ փուլի ավարտը, դադարեցնելու մասին։