Թևան Պողոսյանը հետ է վերցրել մանդատը

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում հայտնում է պատգամավորական մանդատը վայր դնելու իր դիմումը հետ վերցնելու մասին:

Գրառման մեջ ասված է. «Հայտնում եմ բոլորին, որ այսօր ՀՀ ԱԺ նախագահին եմ հանձնել գրություն, որով հետ եմ վերցրել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմումս: Շուրջ մեկ ամիս ծանրութեթև եմ արել ու հավասարակշռության նժարին դրել ԱԺ-ից հեռանալու իմ պատճառներն ու այն հետևանքները, որ կարող է ունենալ որոշումս՝ առաջին հերթին «Ժառանգություն» խմբակցության համար: Պատասխանատվության զգացումս էապես գերակշռում է: Ես մնում եմ ու կաշխատեմ կրկնակի եռանդով, արդեն նաև նոր տրամադրվածությամբ»:

2013թ. դեկտեմբերի 28-ին Թևան Պողոսյանը հայտարարել էր, որ Ազգային ժողովի նախագահին պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմում է ներկայացրել: Պողոսյանը նշել էր, որ որոշումը վաղուց էր կայացրել, պարզապես սպասում էր քաղաքական տարվա ավարտին: Ըստ նրա` պատճառներն «ամենևին էլ քաղաքական չէին և զուտ ներքինխոհանոցային էին»:

Մեկնաբանել