ԵՄ-ն խորապես մտահոգված է Ուկրաինայում տիրող իրավիճակով. Էշթոն

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ ԵՄ-ն խորապես մտահոգված է Ուկրաինայում տիրող իրավիճակով և հաստատել է, որ հաջորդ շաբաթ կայցելի Ուկրաինա՝ ընդդիմության, իշխանության, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումները շարունակելու նպատակով:

Ինչպես հաղորդում է «ՈւՆԻԱՆ»-ը, այս մասին նա հայտնել է Յուլյա Տիմոշենկոյի դստեր և «Բակտիվշչինա» կուսակցության փոխնախագահ Գրիգորի Նեմիրյայի հետ Մյունխենում ունեցած զրույցի ընթացքում:

«ԵՄ-ն լրջորեն անհանգստացած է Ուկրաինայում տիրող իրավիճակով: Քաղաքական ճգնաժամի խորացումը կքննարկվի Բրյուսելում փետրվարի 10-ին կայանալիք ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհուրդի ընթացքում»,- ասել է Էշթոնը՝ «Բակտիվշչինա» կուսակցության մամուլի ծառայության փոխանցմամբ:

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատարը Կիև էր այցելել հունվարի 28-ին, բանակցություններ անցկացրել երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի, ընդդիմության և քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ:

Կիևի կենտրոնում և Ուկրաինայի այլ քաղաքներում եվրաինտեգրման աջակիցների ցույցերը չեն դադարում այն բանից հետո, ինչ 2013թ․ նոյեմբերի 21-ին նախարարների կաբինետը հայտարարեց, որ դադարեցնում է Եվրամիության հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը։ Զուգահեռ տեղի են ունենում նաև իշխանությունները կողմնակիցների ակցիաները։

Կիևում փողոցային մարտերը վերսկսվել էին հունվարի 19-ից։ Բախումների հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ ներքին գործերի նախարարության աշխատակիցներ։ Զոհերի թվում է նաև հայազգի, Ուկրաինայի քաղաքացի Սերգեյ Նիգոյանը։ Ընդդիմությունը հայտարարում է զոհերի ավելի մեծ թվի մասին։