Վանաձորի Արցախի պուրակում ընթանում է «Վանաձորյան նախաձեռնություն` ընդդեմ պարտադիր կուտակայինի» քաղաքացիական նախաձեռնության հանրահավաքը, որին միացել են նաև երևանյան «Դ!եմ եմ» նախաձեռնության ակտիվիստները:
Ինչպես հայտնեց ՍիվիՆեթի թղթակիցը, հանրահավաքին մոտ 400 մարդ է մասնակցում: Ներկայում ելույթ են ունենում երևանյան և վանաձորյան նախաձեռնությունների անդամները:
Նախաձեռնության ակցիան մեկնարկել է Երևանից՝ ավտոերթով: Ակտիվիստները, մինչև Վանաձոր հասնելը, իրազեկման ակցիա են անցկացրել Դիլիջանում:
Մինչ հանրահավաքի մեկնարկը ակցիայի մասնակիցները երթ են անցկացրել Վանաձորի կենտրոնական փողոցներում և թռուցիկներ բաժանել քաղաքացիներին:
Նախաձեռնության նպատակը քաղաքացիական պայքարն է համապատասխան օրենքի հակասահմանադրական դրույթների դեմ:
Դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովը դեմ քվեարկեց կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառումը մեկ տարով հետաձգելու առաջարկությանը:
Դեկտեմբերի 5-ին էլ «Դեմ եմ ՀՀ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» նախաձեռնությունը Մարզահամերգային համալիրի մոտից մեքենաներով բողոքի երթ-ակցիա կազմակերպեց կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ: Դեկտեմբերի 17-ին «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների»-ն և ԱԺ չորս խմբակցությունների ներկայացուցիչները Ազատության հրապարակից երթ նախաձեռնեցին դեպի Սահմանադրական դատարան և հանձնեցին իրենց հայտարարությունը: Հունվարի 18-ին նախաձեռնության անդամները ԱԺ չորս խմբակցությունների հետ հավաք-երթ անցկացրին, որին մասնակցեցին շուրջ 7 հազ. քաղաքացի: Սահմանադրական դատարանը մինչև մարտի 28-ը կասեցրել է 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը:
Նոր կենսաթոշակային համակարգի շահառուները կլինեն 1974թ. հետո ծնված քաղաքացիները: Կենսաթոշակային համակարգի մասնակիցների գումարները կուտակվելու են կենսաթոշակաին ֆոնդում, որը կառավարվելու է ֆոնդի կառավարիչների միջոցով:
Այն քաղաքացիները, որոնց աշխատավարձը չի գերազանցում 500 հազ. դրամը, կենսաթոշակ կկուտակեն իրենց աշխատավարձի 5%-ի չափով. պետությունը, իր հերթին, փոխանցում կկատարի 5%-ի չափով: Այն քաղաքացիներին, որոնց աշխատավարձը գերազանցում է 500 հազ., պետությունը կփոխանցի 25 հազ. դրամ, իսկ քաղաքացին յուրաքանչյուր ամիս կկուտակի այնքան, որ իր և պետության կուտակումը կազմի աշխատավարձի 10%-ը: