Ստամբուլի ոստիկանությունը ցրել է ինտերնետ վերահսկողության դեմ բողոքի ակցիան

Ստամբուլում ոստիկանությունը ջրցան մեքենաների և արցունքաբեր գազի միջոցով ցրել է ցուցարարներին, որոնք փորձել են Թաքսիմ հրապարակում բողոքի ակցիա անցկացնել՝ ինտերնետի նկատմամբ վերահսկողության մասին օրինագծի դեմ, հաղորդում է BBC-ն:

Ի պատասխան՝ ցուցարարները ոստիկանների ուղղությամբ քարեր են նետել, սակայն որոշ ժամանակ անց, ոստիկանական գործողությունների արդյունքում ցրվել են հրապարակին հարող փողոցներով:

Փետրվարի 5-ին Թուրքիայի մեջլիսի որոշմամբ ինտերնետի վրա սահմանափակումներ են դրվել:

Ինտերնետ հասանելիության սահմանափակումը ենթադրոմ է այն վիդեոների, նկարների ու նյութերի օգտագործման արգելքը, որոնք խախտում են աձնական կյանքի գաղտնիության մասին օրենքը: Վերոնշյալ օրենքը խախտողները 24 ժամվա ընթացքում կարող են կանգնել քրեական դատարանի առաջ:

Անձնական կյանքի գաղտնիության օրենքի խախտողների ինտերնետը կարող է ամբողջովին արգելափակվել Հեռահաղորդակցության վարչության կողմից: Այս որոշումը կարող է ընդունվել առանց դատարանի թույլտվության:

Ներկայում օրինագիծը պետք է ստորագրվի Թուրքիայի նախագահի կողմից:

Կառավարության՝ մամուլի նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու նման խիստ միջոցները Թուրքիայի ներսում հանրային դժգոհություն են առաջացրել և արժանացել Եվրոպական Միության ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների քննադատությանը:

Մեկնաբանել